ՀՀ ՊՆ-ն պարզաբանում է տարածել, արձագանքելով այն հրապարակմանը, թե գումար է հատկացվել ՊՆ նախարարության շենքային պայմանների բարելավման համար՝ նշելով, որ պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավում ոչ միայն չի իրականացվում, այլև նախատեսված էլ չէ:
«Ի պատասխան «168 ժամի»՝ «1 միլիարդ 75 միլիոն դրամ՝ ոչ թե դիրքերի, այլ ՊՆ շենքի լավ պայմանների համար» վերնագրով հոդվածի, որում պնդում կա, թե «Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հրատապ է համարել պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավումը և ոչ, ասենք, չկահավորված դիրքերի կահավորումը, ուստի լավ շենքային պայմաններում աշխատելու նպատակով 1 միլիարդ 75 միլիոն դրամ (1,075,322․7 հազար դրամ) գումար պահանջող նախագիծ է ներկայացրել Կառավարության համաձայնությանը», հայտնում ենք, որ նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,-ասվում է ՊՆ հայտարարության մեջ։
Նշվում է, որ լրատվամիջոցը մեջբերում է ընդամենը ծախսային հոդվածի անվանումը, որի տակ, սակայն, կան մի շարք տողեր, որոնք հիմնականում վերաբերում են կապիտալ գնումներին, մասնավորապես՝ սպառազինության և տեխնիկայի ձեռքբերմանը։ «Այսինքն, լրատվամիջոցի պնդումը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլև, ըստ էության, տեղի է ունենում տրամագծորեն հակառակը. պաշտպանության նախարարությունը կրճատում է մի շարք ծախսեր, կատարում բյուջեի վերաբաշխում և այդ գումարների հաշվին կատարում գնումներ, որոնք միտված են բանակի մարտունակության ամրապնդմանը։Պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավում ոչ միայն չի իրականացվում, այլև նախատեսված էլ չէ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
ՊՆ-ն կոչն է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ, որոնք վնաս են հասցնում ՀՀ զինված ուժերի հեղինակությանը։






