ԱԺ նախկին պատգամավոր, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով գերիների հարցին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վերջերս Մարտակերտում կալանավորված ադրբեջանցի զինծառայողին պետք է փոխանակել միայն «բոլորին բոլորի դիմաց սկզբունքով»։
«Եթե փոխանակում, ապա միայն բոլոր հայ ռազմագերիների դիմաց: Ադրբեջանցուն պետք է փոխանակել «Բոլորին բոլորի դիմաց սկզբունքով». դա նշանակում է, որ այս պահին ադրբեջանական բանտերում գտնվող բոլոր հայ ռազմագերիների հետ պետք է փոխանակումը տեղի ունենա: Մյուս բոլոր ֆորմատները փոխանակման, երբ մեր բոլոր ռազմագերիները չեն փոխանակվում, չպետք է իրականացվի»,-գրել է նա։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Ստեփանակերտում այցելել է Մարտակերտում հայտնաբերված և իրավապահ մարմինների կողմից կալանավորված Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևին: Բաբաևի խնդրանքով նրան հնարավորություն կընձեռվի կապ հաստատել հարազատների և ընտանիքի անդամների հետ:






