AM
7 September 2021 - 08:47 AMT

ԿԳՄՍՆ․ ՊՈԱԿ-ը տեղեկացվել էր, որ Գառնիում մասնավոր միջոցառումը կարող է անցկացվել միայն չխաթարելով բնականոն գործունեությունը

Սեպտեմբերի 4-ին «Գառնի» պատմամշակութային արգելոցում տեղի ունեցած հարսանեկան արարողության վերաբերյալ ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանում է տարածել՝ նշելով, որ ՊՈԱԿ-ի հայտարարությունն առ այն, թե իբր նմանօրինակ պայմաններով միջոցառումն անցկացվել է նախարարության համաձայնությամբ, չի համապատասխանում իրականությանը:

ՊՈԱԿ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 4-ին, ժամը 13։00-ից մինչև 22։00-ն, միջոցառման պատճառով, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը փակ կլինի։

Նշվում է, որ ԿԳՄՍ նախարարության մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է հասարակության մշակութային հասանելիության անխաթար ապահովումը, և դատապարտելի են այդ իրավունքի խաթարման երևույթները:

Ըստ այդմ՝ ի պատասխան «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի 2021-ի օգոստոսի 12-ին արգելոցի տարածքում մասնավոր միջոցառում կազմակերպելու վերաբերյալ գրության՝ նախարարությունը հանձնարարել է՝ միջոցառումը կարող է անցկացվել միայն աշխատանքային ժամերին՝ կազմակերպության բնականոն գործունեությունը չխաթարող պայմանների ապահովմամբ, միջոցառման ընթացքում օգտագործել բացառապես դասական, հոգևոր, ազգային, ժողովրդական, ջազ, ռոք երաժշտություն և հեղինակային երգեր՝ առաջնորդվելով ՀՀ մշակույթի նախարարի 2014-ի հուլիսի 24-ի N 430-Ա «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության արգելոցների, արգելոց-թանգարանների և թանգարանների տարածքները վարձակալության տրամադրելու ընթացակարգով» սահմանված պահանջներով:

«Ներկայում ուսումնասիրվում են խնդրին առնչվող մանրամասները, և համապատասխան միջոցառումներ կձեռնարկվեն ՊՈԱԿ-ի կողմից վերոնշյալ կարգի պահանջների և նախարարության հանձնարարականները շրջանցելու, ինչպես նաև հետագայում նմանօրինակ դեպքերը բացառելու ուղղությամբ»,-ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Ավելի վաղ ԿԳՄՍՆ պահպանության ՊՈԱԿ-ը պարզաբանում էր տարածել «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում տեղի ունեցած հարսանեկան միջոցառման վերաբերյալ, որը ոչ միանշանակ արձագանք է ստացել համացանցում։ Նշվել էր, որ ՊՈԱԿ-ն արգելոց-թանգարանի տարածքում միջոցառում անցկացնելու պայմանագիր կնքել է համապատասխան կազմակերպության հետ։ Այդ մասին ՊՈԱԿ-ը նախապես տեղյակ է պահել լիազոր մարմնին և ստացել թույլտվություն։ Ինչ վերաբերում է ռաբիս երաժշտությանն, ապա միջոցառման ընթացքում հնչել են «Գաթա» և «Ծիրանի» բենդ խմբերի կատարումները։ Վերոնշյալ ռաբիս երաժշտությունը, հարակից տարածքի որեւէ օբյեկտից հնչող կատարում է եղել։»Առավել մանրամասն պարզաբանմամբ ՊՈԱԿ-ը հանդես կգա առաջիկայում», ասվում է պարզաբանման մեջ։