AM
7 Սեպտեմբեր 2021 - 10:10 AMT

Սեպտեմբերի 15-ից` եռամսյա նոր հավաքներ․ Խուսափելը քրեաիրավական հետևանքների կբերի

Կառավարության որոշմամբ, 2021-ի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը հայտարարվում են պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա նոր վարժական հավաքներ: Ըստ անհրաժեշտության, հավաքների մասնակիցները կներգրավվեն նաև մարտական հերթապահության։

Հավաքներից խուսափելն առաջացնելու է քրեաիրավական հետևանքներ, տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։

Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:

Հավաքներին մասնակցելու ամբողջ ընթացքում քաղաքացիները կհամարվեն զինծառայողներ, կօգտվեն զինծառայողների համար սահմանված բոլոր բավարարումներից և սոցարտոնություններից, կպահպանվեն նրանց քաղաքացիական աշխատատեղերը, ինչպես նաև հավաքների յուրաքանչյուր ամսվա համար կստանան վարձատրություն՝ նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափով՝ կախված զինվորական կոչումից և մի շարք այլ գործոններից։ Հավաքներին մասնակցությունը, օրացուցային հաշվարկով, կներառվի քաղաքացու զինվորական ծառայության կամ աշխատանքային ընդհանուր ստաժում:

Ընթացքի մեջ են օգոստոսի 25-ից մեկնարկած և մինչև նոյեմբերի 25-ը տևող պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքները: Եռամսյա հավաքին ներգրավվել է ընդհանուր 2169 քաղաքացի, որոնցից 1164-ը՝ շարքային կազմի, 254-ը` ենթասպայական կազմի, 751-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ մոտոհրաձգային, հրթիռահրետանային, կապի, հետախուզական, ինժեներական մասնագիտություններով: