ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը պնդում է, որ ԿԳՄՍ-ն՝ հակառակ նախարարության հայտարարությունների, տեղյակ էր Գառնիում հարսանեկան արարողության մասին։
ՊՈԱԿ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 4-ին, ժամը 13։00-ից մինչև 22։00-ն, միջոցառման պատճառով, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը փակ կլինի։
Արա Թարվեդյանին զարմացրել է ԿԳՄՍՆ հայտարարությունը, թե տեղյակ չեն եղել։ Ըստ նրա՝ իրենք դիմել են և բանավոր, և գրավոր և ստացել են պատասխան, գրում է «Ա1+»-ը։
ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանում է տարածել՝ նշելով, որ ՊՈԱԿ-ի հայտարարությունն առ այն, թե իբր նմանօրինակ պայմաններով միջոցառումն անցկացվել է նախարարության համաձայնությամբ, չի համապատասխանում իրականությանը:
Թարվերդյանը ներկայացրել է փաստաթղթեր և անընդունելի համարել իրենց հասցեագրված մեղադրանքները, թե կոպիտ խախտումներ են եղել։ Բացի այդ 92 տուրիստական կազմակերպություններ, մարզպետարանները տեղյակ են եղել գրավոր։
«Աղմուկը համարում եմ ուղղորդված»,- հայտարարել է նա։
Արա Թարվեդյանը պնդել է, որ ինքը քավորը չէր և չէր կարող Երևանում նստած քավորություն անել, ամուսնացողները պարսկահայեր էին։
Նա նաև հայտարարել է, որ հուլիսի 14-ին ինքն արդեն հրաժարականի դիմում է ներկայացրել, և այն բնավ կապ չունի Գառնիում տեղի ունեցած հարսանիքի հետ։ «Խնդրում եմ իրար հետ դա չկապել»,- ասել է նա։
ԿԳՄՍՆ հայտարարության մեջ նշվում էր, որ նախարարությունը հանձնարարել է՝ միջոցառումը կարող է անցկացվել միայն աշխատանքային ժամերին՝ կազմակերպության բնականոն գործունեությունը չխաթարող պայմանների ապահովմամբ, միջոցառման ընթացքում օգտագործել բացառապես դասական, հոգևոր, ազգային, ժողովրդական, ջազ, ռոք երաժշտություն և հեղինակային երգեր՝ առաջնորդվելով ՀՀ մշակույթի նախարարի 2014-ի հուլիսի 24-ի սահմանված պահանջներով:






