Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, անդրադառնալով իր հրաժարականին, հայտարարել է, որ Տիգրանաշենի հանձնման հետ կապված լուրերը մտացածին են, նման բան երբևէ չի քննարկվել և չի քննարկվի։
«Ինչպես արդեն հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Արարատի մարզպետի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել:
Մամուլում, տարբեր սոցիալական հարթակներում հրաժարականիս տարբեր վարկածներ են առաջ քաշվում, որոնցից մեկն այն է, որ «ստորագրվել է Տիգրանաշենի հանձնման փաստաթուղթ, ինչն էլ հրաժարականիս առիթ է ստեղծել»:
Պաշտոնապես հայտարարում եմ՝ Տիգրանաշենի հանձնման հետ կապված լուրերը մտացածին են, նման բան երբևէ չի քննարկվել և չի քննարկվի, խնդրում եմ զերծ մնալ կեղծ ու անհիմն շահարկումներից»,-ասվում է Ռազմիկ Թևոնյանի հայտարարության մեջ։
Սեպտեմբերի 9-ին հայտնի դարձավ, որ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հրաժարականի դիմում է ներկայացել: Տեղեկությունը հաստատել է Թևոնյանի որդին՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սեդրակ Թևոնյանը՝ նշելով, որ հայրը վերադառնալու է մասնավոր ոլորտ։
Ռազմիկ Թևոնյանը Արարատի մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի դեկտեմբերին:Մինչ Արարատի մարզպետ նշանակվելը եղել է Երասխի գինու գործարանի տնօրենը։