Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով Որոտանի հատվածում ադրբեջանցիների կողմից անցակետ տեղադրելուն, ասել է, որ սահմաններին անվերահսկելի վիճակ է, ինչից էլ օգտվում է հակառակորդը և մեր տարածքում որտեղ ուզում, տեղակայվում է:
Նա նշել է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է ճնշումներ գործադրել Հայաստանի վրա, գրում է «Փաստինֆոն»։
Օհանյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանն ապաշրջափակման անվան տակ փորձելու է ճանապարհ բացել Նախիջևանից դեպի Ադրբեջանի հիմնական տարածք,ինչպես նաև փորձելու է Սյունիքով միջանցք բացել իր և Թուրքիայի համար:
Հարցին՝ ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները որևէ քայլ չեն ձեռնարկում հակառակորդի սադրանքները կանխելու ուղղությամբ՝ Սեյրան Օհանյանն ասել է, որ կամ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների միջև ներքին պայմանավորվածություն կա, կամ էլ պարզապես իշխանություններն ի վիճակի չեն կանխել հակառակորդի սադրանքները.
«Եթե կա ներքին պայմանավորվածություն ստվերային գործընթաց սահմանների վերաբերյալ, դա դեմ է խորհրդարանում գործող բոլոր ընթացակարգերին, խորհրդարանը պետք է վերահսկողություն իրականացնի այդ ամենի նկատմամբ, իսկ եթե իշխանություններն ի վիճակի չեն մեր երկրի տարածքից հանել ադրբեջանցիներին և մեր սահմանները կարգի բերել, դա նշանակում է, որ իշխանությունները պետք է հեռանան»,-ասել է Օհանյանը:
2021թ. սեպտեմբերի 9-ից Երևան-Կապան Մ2 միջպետական ճանապարհին՝ Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում, ադրբեջանական իշխանությունները տեղադրել են ոստիկանական հենակետ, որը սեպտեմբերի 11-ից սկսել է գործել:
ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացրել է, որ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ից, Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող «Էյվազլի բնակավայրի հատվածում»։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները կանգնեցնում են իրանական բեռնատարները և գումար գանձում։ Դա հաստատեց նաև պաշտոնական Բաքուն՝ հայտարարելով, որ «ճանապարհային հարկ է» գանձվում։






