AM
14 Սեպտեմբեր 2021 - 11:55 AMT

Արման Անտոնյանն իր դեմ հարձակումից հետո առաջին անգամ մասնակցել է ավագանու նիստին

Սեպտեմբերի 14-ին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը իր դեմ հարձակման և դանակահարությունից հետո առաջին անգամ մասնակցել է ավագանու նիստին։

Խոսելով տեղի ունեցածի մասին՝ Անտոնյանն ասել է, որ իր վրա հարձակվել են երկար ժամանակ հետապնդելուց հետո՝ ներխուժել են տուն, վնասել ընտանիքի անդամներին, քնած վիճակում մահակով հարվածել գլխին, հետո արդեն դանակով հարվածներ հասցրել։ Նա դանակի 11 հարված էր ստացել։

Օգոստոսի 1-ին Կոտայքի մարզի Նոր Արտամետ համայնքում, ժամը 01։00-ի շրջանում 2 դիմակավորված անձինք բաց դռնից մուտք են գործել բնակարան, դանակով հարվածներ հասցրել Արման Անտոնյանին։

Անտոնյանի դեմ հարձակումը կապվում է նրա որպես ավագանու անդամի գործունեության հետ։

Քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արման Անտոնյանին և Ազատ Անտոնյանին ծեծի է ենթարկել Սուրեն Պ-ն, որը «Հայաստան» մարզական ՀԿ Երևանի հեծանվային սպորտի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված դպրոցի պարետն է, և իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով բազմաթիվ վնասվածքներ է հասցրել Արման Անտոնյանին և Ազատ Անտոնյանին: 29.07.2021 նիստին Արման Անտոնյանը ներկայացրել էր Երևանի հեծանվասպորտի մարզադպրոցի հիմնադրման նախագիծը, ըստ որի՝ Երևանը պիտի ունենա հեծանվասպորտի ևս մեկ մարզադպրոց՝ արդեն համայնքապատկան: Սուրեն Պ.-ին մեղադրանք է առաջադրվել և հետախուզում հայտարարվել։