Վարչական դատարանը, դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, կարճել է ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի գործով վարույթը, գրում է «Փաստինֆոն»։
Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խնդրելով առ ոչինչ ճանաչել իրավունքի ուժով ընդունված Հանրապետության նախագահի՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիրը, ինչը հաստատվել է 2021 թ. մարտի 10-ի՝ վարչապետի՝ Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին հայտարարությամբ:
Գործի վարույթը կարճելու մասին որոշում դատարանը կայացրել է օրերս՝ նշելով, որ բացահայտվել են օրենքով նախատեսված՝ հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքեր։
Մասնավորապես, դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը նպատակ է հետապնդել վարչական արդարադատության համակարգում սահմանելու այնպիսի իրավական կարգավորում, որը կերաշխավորի անձի դատական պաշտպանության իրավունքի լիարժեք և արդյունավետ իրավունքի իրացումը, ըստ այդմ սահմանելով այն հայցերը, որոնց միջոցով անձինք անմիջականորեն ձեռնամուխ են լինում իրենց խախտված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանությանը:
Օնիկ Գասպարյանի կողմից ներկայացված երեք հայցադիմումներից երկուսը դատարանն ի սկզբանե վերադարձրել էր, ապա՝ վերաքննիչ քրեական դատարանի կողմից սույն որոշումները բեկանելուց հետո հայցադիմումները վարույթ են ընդունվել, որոնցից մեկն այժմ գտնվում է դատավոր Ռուզաննա Ազրոյանի, մյուսը՝ դատավոր Ռաֆիկ Խանդանյանի վարույթում, իսկ դատավոր Մհեր Պետրոսյանը կարճել է գործի վարույթը՝ պայմանավորված դատավոր Ռուզաննա Ազրոյանի վարույթում գտնվող գործով։






