ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ժողովրդագրության ծրագրի ղեկավար Աննա Հովհաննիսյանը, անդրադառնալով ժողովրդագրական իրավիճակին ՀՀ գյուղական և քաղաքային բնակավայրերում, հայտարարել է, որ Հայաստանում աննախադեպ իրավիճակ է՝ գյուղական բնակավայրերում ծնելիության գումարային գործակիցն ավելի ցածր է, քան քաղաքայինում:
«Երբեք նման բան չի եղել»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը։
Հովհաննիսյանը նշել է, որ նույնիսկ ամբողջ աշխարհում չեն կարողացել գտնել գոնե մեկ երկիր, որտեղ գյուղական բնակավայրերում ծնելիությունն ավելի ցածր լինի։
«Սովորաբար Հայաստանում ծնելիության առյուծի բաժինն ընկնում էր գյուղական բնակավայրերի վրա, գյուղերում կային ավելի շատ բազմազավակ ընտանիքներ: Այսինքն գյուղերում ունենք լուրջ խնդիր, մտածելու տեղիք է տալիս, թե ինչու հիմա գյուղերում այնքան երեխա չեն ունենում, որքան նախկինում»,-ասել է Հովհաննիսյանը:
Պատճառների թվում նա նշել է բնակարանաշինության հարցը, զբաղվածությունը, կրթության որակը։
Սակայն, խոսելով պատճառների մասին, Հովհաննիսյանն ընդգծել է, որ խնդիրն այդքան արտագաղթը, աշխատանքը չէ, ինչքան ուրբանիզացիան, ներքին միգրացիան, որ գյուղաբնակները գալիս են քաղաք կրթական, մշակութային օջախներից օգվելու համար, պայմանավորված զբաղվածության հարցով: Խոսքը հատկապես վերաբերում է երիտասարդներին:
«Գյուղական բնակավայրերի երիտասարդությանը պետք է առհասարակ շատ ավելի լուրջ ուշադրություն դարձնել և պահել բոլոր քաղաքականությունների, ռազմավարությունների կենտրոնում, որպեսզի չունենանք ծերացող և դատարկվող գյուղեր»,- ընդգծել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ժողովրդագրության ծրագրի ղեկավարը:






