Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը և ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը հոկտեմբերի 1-ին հանդիպմանն անդրադառնալով հետպատերազմյան շրջանում ստեղծված իրադրությանը, քննարկել են նաև Սյունիքի անվտանգային և սոցիալ-տնտեսական դրությունը:
Այդ համատեքստում փոխվարչապետը ներկայացրել է մարզի ճանապարհային ցանցի նորացման, համայնքների զարգացման և բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման նպատակով ՀՀ կառավարության առաջնահերթությունները՝ վստահություն արտահայտելով, որ մինչև տարեվերջ այդ ուղղությամբ էական տեղաշարժեր են սպասվում:
Փոխվարչապետն ընդգծել է տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման ուղղությամբ բազմակողմանի ջանքերի ներդրման անհրաժեշտությունը: Նա գնահատելի է համարել Միացյալ Թագավորության դիրքորոշումն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, որը կայուն և երկարատև խաղաղություն կբերի:
Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ գործակցության հեռանկարները տարբեր բնագավառներում։ Փոխվարչապետը վստահեցրել է, որ Հայաստանը հավատարիմ է կառավարման համակարգի բարեփոխումների և ժողովրդավարական ինստիտուտների ու մեխանիզմների զարգացման քաղաքականությանը: Ըստ նրա՝ Հայաստանը հանձնառու է 2018թ. հեղափոխությունից ստանձնած պարտավորությանը՝ հաստատակամորեն ընթանալու աշխարհի ժողովրդավարական պետությունների ընտանիքի անդամ դառնալու ուղղությամբ:
Զրույցի ընթացքում Սուրեն Պապիկյանն առանձնացրել է հայ-բրիտանական համագործակցության հնարավոր ուղղությունները տնտեսական ասպարեզում: Մասնավորապես նշվել է Երևանի և Լոնդոնի միջև ուղիղ չվերթների վերականգնման անհրաժեշտությունը՝ ելնելով երկկողմ համագործակցության խորացման և բիզնես ոլորտի զարգացման անհրաժեշտությունից: Անդրադարձ է կատարվել նաև վերականգնվող, մասնավորապես՝ արևային էներգիայի արտադրության ոլորտում համագործակցության, գիտության ու կրթության բնագավառներում նոր տեխնոլոգիաների համատեղ կիրառման հնարավորություններին:






