Լիտվայի կառավարությունից Հայաստանին նվիրաբերված ամերիկյան Moderna ընկերության 50,000 դեղաչափ «Սպայկվաքս» պատվաստանյութը հասել է Հայաստան:
Բաշխումից հետո ներկրված խմբաքանակը հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակում և շարժական պատվաստումային կետերում, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Ինչպես Հայաստանում կիրառվող մյուս պատվաստանյութերը, «Սպայկվաքս» պատվաստանյութը ևս նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներ իրականացնելու համար:
«Շնորհակալություն Լիտվայի Հանրապետության կառավարությանը, առողջապահության նախարարությանը և Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին` Covid-19-ի դեմ պայքարում Հայաստանին օժանդակելու համար:
Շնորհակալ ենք նաև Flagship Pioneering և Moderna Therapeutics ընկերությունների ղեկավարությանը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանին` նախաձեռնությունը կյանքի կոչելու հարցում ներդրած ջանքերի համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հոկտեմբերի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 266 208 դեպք, որոնցից 245 376-ն` առողջացած, 5419-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14 193 պացիենտ:






