AM
6 Հոկտեմբեր 2021 - 11:00 AMT

Մարուքյան․ Վիեննայում ԼՂ հարցով փակ քննարկմանը հայկական կողմի տեսակետները լիարժեք ներկայացվել են

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը տեղեկացրել է, որ Վիեննայում ավստրիական ուղեղային կենտրոններից մեկի կողմից կազմակերպված`Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված փակ քննարկմանը հայկական կողմի տեսակետները լիարժեք ներկայացվել և պաշտպանվել են։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀԿ-ից Արմեն Աշոտյանն ու Կարեն Ավագյանը:

Ադրբեջանական կողմից ներկա է եղել 3 պատգամավոր և ադրբեջանական վերլուծական կենտրոնի ներկայացուցիչներ:

Ի դեպ, քննարկմանը մասնակցել են նաև ԵԱՀԿ, ԵՄ ներկայացուցիչներ, դեսպաններ, Ավստրիայի ՊՆ, ԱԳՆ և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ:

«Քննարկումն անցել է Chatham House-ի կանոններով, և բնականաբար, մանրամասներ հայտնել չեմ կարող: Սակայն կարող եք վստահ լինել, որ հայկական կողմի տեսակետները մեր կողմից լիարժեք ներկայացվել և պաշտպանվել են, ինչպես նաև համարժեք արձագանքվել է դիմացի կողմի փաստարկներին։

Արտաքին աշխարհում մեր ազգային պետական շահերից բխող մոտեցումները հնարավոր է և անհրաժեշտ է պաշտպանել։ Անկախ ներկայիս ռազմական ուժերի դասավորությունից՝ մեր դիվանագիտական, վերլուծական, մտավոր ներուժը մրցունակ է և մարտունակ։ Մեզ հասանելի բոլոր միջազգային հարթակներն օգտագործել և օգտագործելու ենք մեր շահերն առաջ մղելու համար: Շատ գործ ունենք անելու և անելու ենք»,-ասվում է գրառման մեջ։