AM
6 Հոկտեմբեր 2021 - 11:47 AMT

Հադրութցիները ցույց են արել կառավարության մոտ` լուծելու բնակվարձերի խնդիրը

Հադրութի տեղահանված բնակիչները բողոքի ակցիա էին նախաձեռնել կառավարության շենքի մոտ։ Հադրութեցիների ներկայացուցիչը տեղահանված բնակիչների խնդիրները ներկայացրել է նրանց ընդունած աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարին, սակայն պատասխանը նրանց չի բավարարել։

«Ես առաջարկել եմ, որ վերանայեն թոշակառուներին 50,000-ական դրամ աջակցությունից զրկելու հարցը։ Խնդրել ենք, որ դրա շուրջ էլ մտածեն ու ասել ենք, որ բնակվարձերի հետ կապված հստակ ծրագիր մշակեն՝ մինչև մեզ բնակարաններով ապահովելը և հստակ որոշում կայացնեն։ Ոչ մի հստակ ժամկետ չի նշվել, ոչ մի հստակ բան չեն ասել, այնքան որ՝ խոսել ենք։ Ես չէի էլ սպասում, որ որևէ հստակ բան կլինի», – ասել է հադրութեցիների ներկայացուցիչը, տեղեկացնում է Aysor.am-ը։

Ակցիայի մյուս մասնակիցները նշել են, որ Հայաստանի կառավարությունից հույսները կտրել են, այդ պատճառով էլ վարձակալած բնակարանների գումարը վճարելու խնդրանքն ու պահանջը գնում են ներկայացնելու Արցախի օպերատիվ շտաբ։ «Տանտերերը մարդկանց դուրս են հանում, մարդիկ չեն կարողանում 120 000, 150 000 վարձ տալ։ Ո՞նց տան։ Գնացել է, բարձրացել կառավարության շենք, խաբել, ճանապարհ են դրել։ Այս մարդիկ ի՞նչ անեն», – նշել է բողոքի ակցիայի մասնակիցը։

Նա փաստել է նաև, որ շատերը, ելնելով ստեղծված իրավիճակից, Հադրութից տեղահանվելուց հետո հիմա էլ ստիպված Հայաստանից են արտագաղթում։ «Մենք չենք ուզում թափառական դառնալ։ Հադրութեցին ուզում է Հադրութում մնալ», – ասել է ակցիայի մասնակիցը։

ՀՀ կառավարության շենքի մոտից Հադրութից տեղահանված և Հայաստանում բնակություն հաստատած քաղաքացիները շարժվել են դեպի Արցախի օպերատիվ շտաբ։