Արձանագրություն չկազմելու համար պարեկներին գումար տված տղամարդը տեղում բերման է ենթարկվել, տեղեկացնում է ոստիկանությունը։
Հոկտեմբերի լույս 11-ի գիշերը Երևանի կենտրոնում ծառայություն իրականացրած պարեկներն Արամի փողոցում նկատել են «Լեքսուս» մակնիշի մի ավտոմեքենա, որի վարորդը թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում։ Պարեկները փորձել են խախտման փաստով արձանագրություն կազմել։
Այդ ընթացքում տղամարդը փաստաթղթերի հետ մեկտեղ պարեկին 10,000 դրամ է տվել՝ առաջարկելով չկազմել արձանագրությունը։ Պարեկները նրան կաշառք տալու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։
Ոստիկանությունը հորդորում է վարորդներին դրսևորել բացառապես իրավաչափ վարքագիծ․ բոլոր ապօրինություններին տրվելու է համապատասխան իրավական գնահատական։






