AM
12 Հոկտեմբեր 2021 - 11:54 AMT

ՀՔԾ․ 2008-17-ին նախագահական ինքնաթիռով Բադեն-Բադեն թռիչքների մի մասը խախտմամբ է արվել

«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում գերմանական Բադեն-Բադեն թռիչքների նպատակի և պետմիջոցների հնարավոր վատնման վերաբերյալ։

Հաղորդում է ներկայացրել, որ ՀՀ նախագահին սպասարկելու նպատակով տրամադրված ինքնաթիռը 2008-2017 թվականներին բարձրաստիճան պաշտոնատար անձանց կազմակերպմամբ շահագործվել և առանց ծառայողական անհրաժեշտության պետական միջոցների հաշվին կատարել է մի շարք չվերթներ, հայտնում է ՀՔԾ-ն։

Նշվում է, որ հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ստացվել, որ վերոհիշյալ ժամանակահատվածում նշված ինքնաթիռը բազմաթիվ չվերթներ է իրականացրել դեպի Գերմանիայի Դաշնության Բադեն-Բադեն քաղաք (Կարլսռուհե օդանավակայան), որոնցից մի մասի դեպքում չվերթները կազմակերպվել են սահմանված կարգի խախտմամբ՝ առանց ՀՀ նախագահի աշխատակազմից նախապես ստացված գրավոր հայտերի:

«Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերը պարունակում են ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման առերևույթ հանցագործության մասին տվյալներ, ուստի նյութերի հիման վրա 11.10.2021 թվականին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով»,-ասվում է ՀՔԾ հաղորդագրության մեջ։

Կատարվում է նախաքննություն:

Սեպտեմբերի 15-ին «Փաստերի ստուգման հարթակը» հետաքննություն էր հրապարակել, ըստ որի՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնավարման 10 տարիների ընթացքում ամեն տարի կառավարական օդանավով պետական միջոցների հաշվին մեկնել է գերմանական Բադեն-Բադեն քաղաք։ Հետաքննության համաձայն՝ Սարգսյանը պաշտոնավարման տասը տարիների ընթացքում գերմանական առողջարանային այդ քաղաք է մեկնել ավելի քան 16 անգամ։ Հարթակը, փաստեր ներկայացնելով, նաև պնդում է, թե երրորդ նախագահը Բադեն-Բադենում է եղել նաև 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո՝ ապրիլի 5-ին։ Ըստ հետաքննության, Սերժ Սարգսյանը ապրիլի 6-ին ու 7-ին դեպի Գերմանիա նախատեսված պաշտոնական այցը օգտագործել է կրկին Բադեն-Բադեն այցելելու համար։