Եռօրյա այցով Հայաստան ժամանած Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հետ հանդիպմանը նշել է , որ տարածաշրջանային նոր իրողությունների պայմաններում ԻԻՀ-ն ու Հայաստանն ավելի սերտպետք է համագործակցեն։
Անդրեասյանը, համակարծիք լինելով իրանցի գործընկերոջ հետ, վերահաստատել է նման ծանր փորձությունների շրջանում, տարածաշրջանային ընդհանուր սպառնալիքների պարագայում ավելի սերտ համագործակցելու անհրաժեշտությունն ու պատրաստակամություն է հայտնել այդ գործում ներդնելու իր ջանքերը։
Նա ներկայացրել է արդարադատության նախարարության առաջնահերթությունները՝ ուղղված քրեակատարողական համակարգի բարեփոխմանը, հակակոռուպցիոն քաղաքականությանը, ոստիկանության, դատաիրավական համակարգի ու Հարկադիր կատարումն ապահովող ծառայության բարեփոխումներին՝ շեշտելով իրանցի գործընկերների հետ լավագույն փորձի փոխանակման անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իրավական բնագավառում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձել փոխգործակցության ընդլայնման և խորացման հնարավորություններին:
Հանդիպման ավարտին Իրանի գլխավոր դատախազը Հայաստանի արդարադատության նախարարին հրավիրել է Իրան։ Կարեն Անդրեասյանն ընդունել է հրավերն ու Գլխավոր դատախազին խնդրել Իրանի արդարադատության նախարարին փոխանցել Հայաստան այցելելու իր հրավերը։
Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և եռօրյա աշխատանքային այցով Հայաստան ժամանած ԻԻՀ գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին կարևորել են տարածաշրջանը միջազգային ահաբեկչությունից զերծ պահելու, ահաբեկչական խմբավորումների ներկայությունը տարածաշրջանում բացառելու անհրաժեշտությունը, որն արդիական է դարձել հատկապես 2020թ. արցախյան պատերազմի ընթացքում հակամարտության գոտի նման խմբավորումների տեղափոխման և տեղակայման պատճառով: