AM
15 Հոկտեմբեր 2021 - 09:34 AMT

Պատգամավոր․ Ադրբեջանի սադրանքները շարունակվելու են, և դա լինելու է ՀՀ իշխանության լռության պայմանում

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով Արցախում գրանցվող միջադեպերին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ամենավտանգավորը, որը պետք է արձանագրել, հետևյալն է՝ ադրբեջանական սադրանքների քաղաքականությունը շարունակվելու է, և դա տեղի է ունենալու Հայաստանի իշխանությունների լռության, կրավորական կեցվածքի, անտարբերության և Արցախի նկատմամբ ունեցած պատասխանատվությունից փախուստի պայմաններում։

«Արցախում ադրբեջանցիների իրականացրած սադրանքների պատճառահետևանքային կապը շատերի համար ընկալելի կամ բացատրելի չէ, որովհետև ամբողջական տեղեկատվություն չի փոխանցվում։

Խոսքս միայն վերջին օրերի միջադեպերին չի վերաբերվում։ Իրականում Ադրբեջանը հետպատերազմական ժամանակահատվածում մշտապես տարբեր բնույթի սադրանքների է գնացել, որի մի մասն ուղղակի չի հանրայնացվել։

Ճիշտ է՝ ռուսական խաղաղապահ ուժերն անընդհատ կանխում են իրադրության էսկալացիոն զարգացումները, բայց դրանից ադրբեջանական ագրեսիան չի նվազում և շփման գծի տարբեր հատվածներում տարաբնույթ դրսևորումներ է ունենում»,-ասվում է գրառման մեջ։

Հոկտեմբերի 15-ին, ժամը 09։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։