Սոցիալական ձեռնարկատեր և բարերար Ռուբեն Վարդանյանը, Հանրային հեռուստաընկերության եթերում պատասխանելով քաղաքականությամբ զբաղվելու մասին հարցին, ասել է, որ այո՝ զբաղվում է քաղաքականությամբ, բայց իշխանություն դառնալ, վարչապետ կամ նախագահ լինել չի ցանկանում։
Նա նաև հիմնավորել է իր որոշումն առաջին հերթին Արցախի հարցով։
«Արցախի հարցն ինձ համար կարմիր գիծ էև։ Երբ մենք Արցախը կորցրինք, դեռ չենք կորցրել, բայց մոտ ենք կորցնելուն, ես երկու տարբերակ ունեի։ Առաջինը՝ շարունակել ապրել իմ կյանքով, լինել բարերար, ապրել Մոսկվայում, Լոնդոնում՝ մնալով ծագումով հայ գործարար, բայց Հայաստանի հետ էջը փակել։ Երկրորդը՝ այս ճգնաժամը ինձ հնարավորություն չթողեց չմասնակցելու քաղաքական ու հասարակական ամենակարևոր հարցերին․ ի՞նչ Հայաստան ենք կառուցում, ինչպիսի՞ն է լինելու մեր ազգի ապագան», – ասել է Ռուբեն Վարդանյան՝ հավելելով, որ Հայաստանում մարդիկ ուզում են փրկիչ գտնել, բայց իր կարծիքով, բոլորը պետք է պատասխանատվություն ստանձնեն ապագայի համար։
Վարդանյանը պատրաստ է աջակցել այն կուսակցություններին, որոնք ոչ թե մեկ անձի շուրջ են կազմակերպվում, այլ գաղափարների։ Նա նշել է նաև, որ երբ ասում է՝ կարմիր գիծն անցել է, դա նշանակում է, որ պատրաստ է ամեն ինչ կորցնել Ռուսաստանում և Հայաստանում։
«Պատրաստ եմ բանտ նստել, եթե քաղաքական պայքարը գնա ոչ օրինական դաշտում, պատրաստ եմ, որ ինձ կարող են վարկաբեկել։ Ես ինձ համար շատ կարևոր որոշում եմ կայացրել, երբ ասել եմ՝ կարմիր գիծն անցել եմ։ Հասկացել եմ, որ կարող եմ շատ լուրջ խնդիրներ ունենալ՝ և Ռուսաստանում, և Հայաստանում։ Պատրաստ եմ․․․Ես առաջին հերթին հայրենասեր եմ, որը որոշել է, որ Հայաստանի և Արցախի ապագան ինձ համար ավելի կարևոր է, քան իմ անձնական հարստությունը, իմ ընտանիքի, ի վերջո, անվտանգությունը և իմ անձի հետ կապված բոլոր հարցերը», – ասել է Վարդանյանը։
Նա հավելել է, որ հասել ենք վերջին կետին՝ եթե կորցնենք Արցախը՝ կկորցնենք նաև Հայաստանը։






