AM
22 October 2021 - 07:30 AMT

ՄԻՊ-ն ապացույցներ է հրապարակել Գեղարքունիքում ադրբեջանական ԶՈւ ամրացման մասին

Ի պատասխան ՀՀ ՊՆ հերքման՝ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ապացույցներ է հրապարակել Գեղարքունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի ամրացման վերաբերյալ։ ՄԻՊ-ը տեսանյութ է հրապարակել ֆեյսբության իր էջում՝ նշելով, որ իր ցանկացած հայտարարություն հիմնված է փաստահավաք աշխատանքների հավաստի տվյալների վրա:

ՊՆ-ն հոկտեմբերի 19-ի պարզաբանմամբ հերքել էր ՄԻՊ-ի հոկտեմբերի 18-ի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ Գեղարքունիքի մարզ ապօրինի ներխուժած ադրբեջանական զինված ուժերը ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ իրականացնում են ամրացման ակտիվ, այդ թվում՝ ճանապարհների կառուցման աշխատանքներ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ և այլն:

Նշվում է, որ ՊՆ հերքումից հետո փաստացի սկսվել է ՄԻՊ գործունեությունը վարկաբեկող արշավ, որին միացել է նաև ԱԽ քարտուղարը:

Նշվում է նաև, որ հոկտեմբերի 18-ի հայտարարության նպատակն էր ցույց տալ Ադրբեջանի ԶՈւ անօրինական արարքները և այդ արարքների անմիջական կապը ՀՀ քաղաքացիական բնակիչների կյանքի, սեփականության և կենսական մյուս իրավունքների խախտումների հետ: Ասվում է նաև, որ հայտարարության հիմքում դրված էին փաստեր, որոնք ՄԻՊ աշխատակազմը հետևողականորեն հավաքագրել է վերջին ամիսների ամենօրյա մշտադիտարկումների և ահազանգերի ուսումնասիրությունների արդյունքներով։

Նշվում է նաև, որ ՊՆ վարչական ապարատի պաշտոնյաները պետք է միշտ հիշեն, որ ՄԻՊ-ը երբեք չի անում հայտարարություններ, որոնք ուռճացված են կամ առավել ևս ունեն անճշտություններ:

«Եթե ՄԻՊ-ը հանդես է գալիս հրապարակային որևէ հայտարարությամբ, ուրեմն դրա համար ունի հավաստի ապացույցներ՝ ոչ թե մեկը, այլ առնվազն մի քանիսը: Ուստի, նախարարության այդ պաշտոնյաներից պահանջում ենք այլևս թույլ չտալ նման անհեռատես ձևակերպումներ: Ավելին, ՊՆ պաշտոնյաները պետք է գիտակցեին, որ ոչ միայն հերքում են ճշգրիտ հայտարարություն, այլ հատկապես միջազգային հարթակներում գեներացնում են ադրբեջանական արշավ ոչ միայն այդ հայտարարության, այլ նաև Պաշտպանի աշխատանքի հավաստիության դեմ, առհասարակ»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ՀՀ ՊՆ հոկտեմբերի 19-ի հերքումը հօգուտ իրենց օգտագործելով՝ ադրբեջանական աղբյուրներով հայտարարություններ են արվել, որ ՀՀ ՊՆ-ն է պաշտոնապես հավաստում, որ սահմանային բնակիչների իրավունքներին վերաբերող ՀՀ ՄԻՊ զեկույցները կեղծ են և, դիմելով տարբեր ատյանների, պահանջել են ՄԻՊ զեկույցներն ու հայտարարություններն այլևս հիմք չընդունել:

«ՄԻՊ զեկույցներն ու հայտարարություններն արվում են, անգամ եթե դրանք կարող են քաղաքական դժգոհությունների առիթ դառնալ, բայց փոխարենը դրանք դառնում են ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար արժեքավոր աղբյուր՝ օգտագործվելով միջազգային ատյաններում, ինչպես օրինակ՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն է, ՄԻԵԴ-ը և այլն:

Ի վերջո, պատերազմից հետո ՊՆ-ն գոնե կարող էր ինչ-որ կերպ աջակցել Ադրբեջանի հետ սահմանների շուրջ անվտանգության գոտի ստեղծելու ՄԻՊ առաջարկին, որ ավելի է տարածում ստանում միջազգային հարթակներում: Չէ՞ որ դա ադրբեջանական հանցավոր արարքներից ՀՀ քաղաքացիական բնակչության ու զինծառայողների կյանքի և մյուս իրավունքների պաշտպանության համար է:

ՄԻՊ-ը միշտ է իր գործունեությամբ աջակցել Զինված ուժերին և շարունակելու է նույն սկզբունքով գործելը: Իսկ ՄԻՊ հոկտեմբերի 18-ի հայտարարությունը վերաբերում էր բացառապես Ադրբեջանի հանցավոր արարքներին. այն որևէ անդրադարձ չի կատարել ՀՀ դիրքերում անձնվիրաբար ծառայող զինվորականներին։

Գեղարքունիքի նորանշանակ մարզպետին էլ առաջարկում ենք իրազեկման նպատակով հնարավորինս լավ ուսումնասիրել ՄԻՊ գործունեության սկզբունքները և անհավաստի տվյալների հիման վրա չփորձել կասկածի տակ դնել ՄԻՊ հայտարարությունները: Հուսով ենք՝ գոնե նվազագույն մակարդակով կպահպանվի գործակցության այն բարձր որակը, որ ձևավորված էր նախորդ մարզպետի ժամանակ և ապահովում էր մարդու իրավունքների պաշտպանության դրական արդյունքներ»,-ասվում է ՄԻՊ հայտարարության մեջ: