AM
22 Հոկտեմբեր 2021 - 11:35 AMT

«Զարթոնքը» Գյումրիում առաջարկել է «Բալասանյան դաշինքին» կոալիցիա կազմել

Գյումրիի ՏԻՄ ընտրություններում քվեների մոտ 10 տոկոս ստացած «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցութան ներկայացուցիչ Վարդևան Հակոբյանը «Բալասանյան դաշինքին» առաջարկել է կոալիցիա կազմել: Այդ մասին ֆեյսբուքյան իր աջում հայտնել է Հակոբյանը։

Գյումրիի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով՝ «Բալասանյան դաշինքը» ստացել է քվեների 37 տոկոսը, իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» մոտ 30 տոկոսը։ Երրորդ տեղում «Զարթոնքն» է, որը մի քանի ամիս առաջ է ստեղծվել։

«Մեր կողմից մեծ թվով Գյումրիի բնակիչների հետ ունեցած ուսումնասիրությունները, ինչպես նաև մեր թիմի ներսում տեղի ունեցած քննարկումները ցույց են տալիս, որ մարդիկ ուզում են մեր և «Բալասանյան դաշինքը» միասնությունը, որի արդյունքում կձևավորվի քաղաքային կոալիցիոն իշխանություն, ինչին մենք պատրաստ ենք և առաջարկում ենք «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության հետ սկսել ուղիղ բանակցություն»,-ասվում է հայտարարության մեջ։

Քանի որ ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերից որևէ մեկը չի ստացել ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ուստի, ըստ օրենքի, համայնքի ղեկավարը պետք է ընտրվի բաց քվեարկությամբ՝ իրենց թեկնածուներին առաջադրելու հնարավորություն կունենան ավագանի անցած բոլոր ուժերը։ Համայնքի ղեկավար ընտրվելու համար թեկնածուն պետք է ստանա ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:

Գյումրիի ՏԻՄ ընտրությունների արդյունքում ավագանիում տեղեր են ստացել նաև վերջերս ստեղծված «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը, նախնական տվյալներով, ստացել է մոտ 5 տոկոս և Հանրապետական կուսակցությունը, որը նույնպես մոտ 5 տոկոս ձայն է ստացել։