AM
28 Հոկտեմբեր 2021 - 07:36 AMT

Խոսնակ․ Թաթոյանին քաղաքական որևէ առաջարկ չի արվել

ՄԻՊ Արման Թաթոյանի մամուլի քարտուղար Նունե Հովսեփյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով որոշ հրապարակումների, հայտարարել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին քաղաքական բնույթի որևէ առաջարկ չի արվել։

«Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի վերաբերյալ հրապարակման կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Արման Թաթոյանին քաղաքական բնույթի որևէ առաջարկ չի արվել, և նա առնչություն չունի քաղաքական որևէ գործընթացի հետ։

Պաշտպանն իր աշխատանքը շարունակում է իրականացնել ապաքաղաքական սկզբունքով՝ առաջնորդվելով մարդկանց իրավունքների պաշտպանության սահմանադրական բարձր առաքելությամբ»,-ասվում է գրառման մեջ։

«Հրապարակ» թերթը, անդրադառնալով այն հանգամանքին, որ Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022-ի փետրվարին, իսկ նորից առաջադրվել նա չի կարող, գրել է, թե կուսակցությունները պայքար են սկսել՝ Արման Թաթոյանին, պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո, իրենց մոտ տանելու համար։