AM
3 November 2021 - 09:48 AMT

Փաշինյանն ու Հարությունյանը քննարկել են պատերազմի ավարտի տարելիցին արված աշխատանքն ու հետագա անելիքները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 3-ին հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ 44-օրյա պատերազմի ավարտի առաջին տարելիցին նաև այս ընթացքում կատարված աշխատանքը վերլուծելը և իրադրությունը գնահատելը կարևոր է:

«Կարևոր է արձանագրել, որ այս ընթացքում Արցախի կառավարությանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հետ, հաջողվել է Արցախում բնականոն կյանքի վերականգնման ուղղությամբ շատ կոնկրետ աշխատանքներ իրականացնել: Իհարկե, մենք չենք համարում, թե այն, ինչ արված է, գոհացուցիչ է, և մենք, բնականաբար, պետք է շարունակենք աշխատանքն այդ ուղղությամբ՝ զուտ աջակցության ծրագրերը, ինչպես բազմիցս խոսել ենք, փոխարինելով զարգացման ծրագրերով»,- նշել է Փաշինյանը:

Ըստ նրա՝ կարևոր է նաև, որ քննարկումներ լինեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետագա տեսլականի վերաբերյալ:

«Մենք կարևոր ենք համարում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային լիարժեք գործընթացը վերականգնվի, որտեղ, ինչպես նաև համանախագահներն են ընդգծել մի քանի անգամ, հայտնի սկզբունքների հիման վրա, այդ թվում՝ ազգերի ինքնորոշման իրավունքի տեղի ունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը՝ վերջնական և համապարփակ և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտումը»,- նշել է նա՝ հավելելով, որ այդ բոլոր հարցերն օրակարգում են, և այսօր էլ այդ թեմաներով առավել մանրամասն քննարկումներ կունենան:

Իր հերթին Արայիկ Հարությունյանը նշել է, որ մեկ տարվա ընթացքում Արցախի քաղաքական լուծման ճանապարհից չեն շեղվել, և Արցախի ինքնորոշման իրավունքը՝ որպես գլխավոր քաղաքական լուծման ուղղություն շարունակում են պահպանել, «և միջազգային խաղացողները, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է որպես միջնորդ լինել, և օրակարգում Ղարաբաղյան խնդրի լուծման առումով հիմքում դրված է նաև ազգերի ինքնորոշման իրավունքը»:

«Արդեն լայնածավալ աշխատանքների արդյունքում առաջին պտուղներն ենք քաղում, և ընդամենը օրերի ընթացքում՝ մինչև տարեվերջ, առնվազն 300 բնակարան միայն Ստեփանակերտ քաղաքում կհանձնենք շահագործման: Նորակառույց բնակարանների մասին է խոսքը: Իհարկե, մի մասը մինչ պատերազմը սկսված շինարարությունն է, բայց մեզ հաջողվել է, դրանից բացի, հազարավոր բնակարանների հիմքեր դնել այսօր, և մինչև եկող տարվա վերջ առնվազն 2500-3000 բնակարան ավարտած կլինենք: Առաջին հերթին՝ Հայաստանի կառավարության կողմից Արցախին տրամադրվող գումարների շրջանակում – իհարկե, գումարները ոչ միայն շինարարության համար են տրվում, այլև Արցախի բնականոն կյանքը, սոցիալական ծրագրերն իրականացնելու համար – և «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հանգանակած գումարներով՝ տարբեր ծրագրերի, բնակարանաշինության և ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման ուղղությամբ: Այսինքն՝ առաջին 300 ընտանիքը մինչև այս տարեվերջ, մինչև Նոր տարի, կունենա իր օջախը, և դա ամենակարևորն է Արցախի ժողովրդագրական խնդիրը լուծելու առումով»,- նշել է նա:

Հարությունյանը նաև շնորհակալություն է հայտնել, որ Հայաստանի՝ 2022-ի պետբյուջեում արտացոլվել է բավական մեծ գումար, որը թույլ է տալու Արցախի կողմից վերականգնվող տնտեսության հաշվին մուտքագրված գումարներով ևս միասին լուծել բոլոր խնդիրները:

«Կարճ ժամանակահատվածում՝ 2-3 տարվա ընթացքում, համոզված եմ, ամբողջությամբ կլուծենք բնակարանային և անհրաժեշտ մնացած ենթակառուցվածքային և սոցիալական խնդիրները:

Ուզում եմ նշել, որ բավական ակտիվ համագործակցում են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարբեր կառույցները, օպերատիվ արձագանքում են մեր բոլոր հարցերին: Բարձրացված ցանկացած խնդիր՝ սոցիալական, ենթակառուցվածքային, թե այլ, լուծում է ստանում, և այսօր այն բնական կյանքը, որ Արցախում կա, հիմնականում պայմանավորված է Հայաստանի կառավարության կողմից գումարների հատկացմամբ և այն ուշադրությամբ, ամենօրյա աշխատանքով, որը տեղի է ունենում»,- եզրափակել է Հարությունյանը: