AM
3 Նոյեմբեր 2021 - 13:28 AMT

Գերիների և անհետ կորածների հարազատները կրկին փողոցում են. Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում

Նոյեմբերի 3-ի առավոտից կառավարության շենքի մոտ են հավաքվել 44-օրյա պատերազմում զոհված, գերեվարված, անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները։ Նրանք հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և հստակ պահանջներ են ներկայացրել։ Առավոտյան ծնողների հետ խոսել է վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանը, որը, հնարավորության դեպքում, պետք է կազմակերպի նրանց հանդիպումը Փաշինյանի հետ, հայտնում է «Այսօրը»։

Իսախանյանի պատասխանին որոշ ժամանակ սպասելուց հետո հավաքվածները փակել են Տիգրան Մեծ փողոցը, երթևեկությունը կանգնել է։

«Այստեղ կմնանք մինչև մեր պահանջները չկատարվեն։ Պահանջը նույնն է՝ հանդիպում վարչապետի և պետական կառույցների ղեկավարների հետ։ Ահագին երկար ենք սպասել պատասխանների, էլ չենք ուզում համբերել, մենք մեր անհնազանդության գործողությունները կսկսենք», – լրագրողներին ասել են հավաքվածները։

Ծնողներն իրենց պահանջներն արդեն ներկայացրել են կառավարության ղեկավարին, հայտնել, որ դրանց մի մասը հրապարակման ենթակա չէ, սպասում են պատասխանի, բայց մեծ հույսեր չունեն, ուստի պետք է շարունակեն անհնազանդության գործողությունները, քանի որ պատերազմից մեկ տարի անց ոչ մի էական քայլ չի արվել պատերազմի՝ բազմաթիվ հարցեր ծնող ընթացքի և կործանարար ելքի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար, մինչև այժմ անհայտ են բազմաթիվ զինվորների ճակատագրեր։

«Ոչ մի բան չի փոխվել, չեն մտածում ընդհանրապես մեր երեխեքի մասին։ Վերևից ներքև, բոլորն էլ մեղավոր են այս ամենի համար։ Ցանկություն չունեն պարզելու՝ ովքեր են մեղավոր, որ պատերազմի արդյունքն այսպիսին եղավ, ներկայացնում են՝ պատերազմ, բայց պատերազմի ժամանակ երբ կառավարումը ճիշտ է տեղի ունենում, երբ զորքերը ճիշտ են տեղակայվում, լինում է այլ պատկեր, քան այն, ինչ այսօր ունենք», – նշել են նրանք։

Կարճ ժամանակ անց Տիգրան Մեծ պողոտա է եկել ոստիկանության հատուկ գումարտակը, ոստիկանները սկսել են բանակցել, որ ճանապարհը բացվի։ Բանակցությունները 1-2 րոպե անց վեճի ու հրմշտոցի են վերածվել՝ ծնողները չէին ցանկանում հեռանալ։

«10,000 հոգով մեկին եք պահում, միացեք մեզ, եկեք մեր կողքին կանգնեք, «Ձեր պահած իշխանության պատճառով ենք այսօր այստեղ», «Փաշինյանը այ էսպես փողոց փակելով եկավ իշխանության», – ասում էին քաղաքացիները ոստիկաններին։

Ոստիկաններին, ի վերջո, հաջողվել է բացել ճանապարհը։ Ծնողները կրկին տեղափոխվել են կառավարության շենքի մոտ։

Ավելի ուշ կրկին հավաքվածներին է մոտեցել վարչապետի օգնական Իսախանյանը, որին, ինչպես պարզվել է, չի էլ հաջողվել հանդիպել Փաշինյանին։

«Դեռևս ոչինչ չեմ կարող ասել, միևնույն է, նույն պատասխանն եմ տալու՝ այս պահին ոչինչ չեմ կարող ասել»,- ասել է նա։

Բողոքի ակցիան շարունակվում է։ Ոստիկանները պատ են կազմել Տիգրան Մեծ պողոտայում։