AM
6 Նոյեմբեր 2021 - 10:40 AMT

Երևանի «Փոքր կենտրոնի մասին» օրենքը շրջանառության մեջ է դրվել

Քաղշինկոմիտեն շրջանառության մեջ է դրել Երևանի «Փոքր կենտրոնի մասին» օրենքը: ՀՀ վաստակավար ճարտարապետ Հրաչյա Պողոսյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով այդ հանգամանքին, նշել է, որ դա շատ կարևոր օրենք է և վերջապես այն շրջանառության մեջ դրվեց։

Երևանի «Փոքր կենտրոնի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ որոշումը, ինչպես նաև օրենքի նախագիծը կյանքի կոչող աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշումը, կայացվել են 2013-ին:

«Ինչու՞ վերջապես, որովհետև հիշողությանս մեջ մնացել է,որ այս օրենքի անհրաժեշտության մասին խոսվեց, երբ դեռ վարչապետ էր Տիգրան Սարգսյանը, և երբ կազմակերպվեց ճարտարապետների ժողով՝ Մատենադարի դահլիճում, որտեղև որոշվեց ու հանձնարարվեց ստեղծել այս օրենքը: Հիմա այն դարձավ իրականություն: Շատ կարևոր օրենք է:

Երևանի փոքր կենտրոնում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ՝ կառուցապատման խտության, տրանսպորտային, սեյսմիկ անվտանգության, էկոլոգիայի, հուշարձանների պաշտպանության, հասարակական կանաչապատ տարածքների, ու էլի բազմաթիվ հարցեր:

Հուսով եմ օրենքով կհաջողվի բեռնաթափել փոքր կենտրոնը, կարգավորել հարաբերությունները կառուցապատողների հետ, որոնց ցանկությունը իրենց ֆինանսական ներդրումները իրականացնել հենց փոքր կենտրոնում՝ հասկանալի է, այստեղ բնակարանների արժեքը բարձր է և շահույթները՝ մեծ են: Այսպիսով լուրջ ու վտանգավոր հակասություն է առաջացել կառուցապատողների ու բնակչության շահերի միջև, ինչը անընդունելի է»,-գրել է ճարտարապետը:

Նա հույս է հայտնել, որ օրենքը կհաստատվի ու քաղաքային իշխանություններին կհաջողվի այն աշխատեցնել՝ կարճ ժամկետում նախագծելով մայրաքաղաքի նոր գլխավոր հատակագիծը ու գոտևորման նախագծերը, ապահովելով քաղաքի համաչափ զարգացումը:

«Հասկանալի է, դժվար ժամանակներ են՝ պատերազմ, պանդեմիա, արտաքին աշխարհի հետ բարդագույն իրավիճակ: Սակայն քաղաքը կառուցվում է դարերի համար: Մի օր ամեն ինչ կհանդարտվի, այսօրվա դժվարությունները կդառնան դառը հիշողություն, բայց քաղաքը կմնա, ու նշանակում է՝ մեր գործն է այն դարձնել ավելի հարմար ու գեղեցիկ միջավայր քաղաքացիների համար»,-գրել է Պողոսյանը:

2012-ին Երևանի «Փոքր կենտրոնի» կառուցապատման օրենսդրական կարգավորման և նախագիծ մշակելու առաջարկով, ՀՀ քաղաքաշինության նախարարությանն առաջարկություն էր ներկայացրել «Երևաննախագիծ» փակ բաժնետիրական ընկերությունը: Առաջարկության մեջ նշվում էր, որ պետք է անցկացնել Երևանի Կենտրոն թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագծի իրագործման վերլուծություն և մշակում: Բացի այդ, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ շրջանառության մեջ է մտնում Երևանը որպես հայության մայրաքաղաք գաղափարախոսությունը` պետք է մշակել քաղաքի կառուցապատման հայեցակարգը և հաշվի առնել, որ Փոքր կենտրոնի զարգացումը պետք է ունենա սոցիալական ուղղվածություն: