ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե ադրբեջանական կողմը նոյեմբերի 11-ից մաքսակետեր է տեղադրելու Գորիս-Կապան ճանապարհին, կոչ է արել դիմադրել։
Նա հորդորել է բոլորին առավոտյան ժամը 11-ին հավաքվել Հանրապետության հրապարակում։
«Դիմադրո՞ւմ ենք։ Եկեք դիմադրենք։ Ո՞վ է գալիս։ Սպասում ենք։
Այսօր իշխանությունը պաշտոնապես հայտարարեց, թե Գորիս-Կապան ճանապարհն այլևս ադրբեջանական հսկողության տակ է հայտնվել։ Ավելին՝ կառավարության անդամն այսօր գնաց Սյունիք, պաշտոնապես հայտարարեց շրջանցիկ ճանապարհի կառուցման ավարտի մասին ու թշնամին շարունակեց Հայաստանի իշխանության դավադիր գործը՝ արդեն փակեց մայրուղին։ Հանդուրժե՞նք։ Ո՞վ է պատասխան տալու։ Կառավարությո՞ւնը։ Առավոտյան, նրանք նիստ են գումարում, մենք էլ իրավունք ունենք հարց տալ։ Ամեն ինչ չի կարող գաղտագողի լինել։ Կառավարությունից պահանջելու ենք պատասխան»,-ասվում է գրառման մեջ։
Նոյեմբերի 10-ին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարեց, որ Տաթև-Աղվանի ճանապարհի ասֆալտապատումն արդեն ամբողջովին ավարտվել է, փաստացի՝ Գորիս-Կապանի այլընտրանքային ճանապարհն ամբողջությամբ պատրաստ է։ Ավելի ուշ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ ադրբեջանական կողմը արդեն կեսգիշերից մաքսակետեր է տեղադրելու Գորիս-Կապան ճանապարհին։






