Նոյեմբերի 11-ի վաղ առավոտյան՝ ժամը 05.30-ին, Ճակատեն գյուղի բնակիչ Կարեն Գրիգորյանին գիշերային հերթափոխից հետո ռազմական ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տվել տեղաշարժվել դեպի Ճակատեն, ասել են, որ ճանապարհը փակ է։
«Աշխատանքից վերադառնում էի տուն, Կապան–Ճակատեն ճանապարհին ռազմական ոստիկանները կանգնեցրին ավտոմեքենան՝ ասելով, որ հետ գնամ։ Ասացին՝ ճանապարհը ադրբեջանցիները փակել են։ Հարցրեցի պատճառը՝ ասին շինարարական աշխատանքներ են կատարում։ Պարզ չէ՝ երբ բաց կլինի», – ասել է Կարեն Գրիգորյանը, գրում է «Առավոտը»։
Բացի Ճակատենից այդ ուղղությամբ ևս 4 գյուղ կա՝ Շիկահող, Սրաշեն, Ծավ, Ներքին Հանդ։ Ըստ գյուղացու՝ այլընտրանքային ճանապարհի կառուցումը կիսատ է մնացել, իսկ եթե ճանապարհը չբացվի, ապա ստիպված են Մեղրիով հասնել Ճակատեն։
«Մեղրիով պիտի հասնես Ծավ ու հետո իջնես այդ գյուղերը։ Փաստորեն մոտ 90-100 կմ ճանապարհ պիտի անցնեմ՝ 10 կմ-ի փոխարեն», – նշել է Կարենը։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ճանապարհը բացվել է, անարգել կարողանում են տեղաշարժվել քաղաքացիները, ճանապարհին ոչ մի շինարարական աշխատանքների հետք չկա։
Նոյեմբերի լույս 11-ի գիշերվանից ադրբեջանցիները մաքսակետեր են տեղադրել Գորիս-Որոտան ավտոճանապարհին։ Այդ մասին հայտարարել է Ազգային խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։






