Գորիս-Կապան մայրուղում ադրբեջանական մաքսակետի դեմ բողոքի ակցիա իրականացնողները փորձել են մոտենալ կառավարության շենքին։ Ոստիկանները հետ են մղել ցուցարարներին՝ թույլ չտալով անմիջականորեն մոտենալ ՀՀ կառավարության շենքին։ Հրմշտոց է սկսվել, որը վերաճել է ծեծկռտուքի։
Մասնակիցները վանկարկել են «Նիկոլ, դավաճան»։
Այնուհետև ցույցի մասնակիցները փորձել են փակել երթևեկությունը Հանրապետության հրապարակում, սակայն ուժայինները բառացիորեն դուրս են հրել նրանց փողոցի երթևեկելի մասից, գրում է Sputnik Արմենիան։
Բողոքի ակցիա իրականացնողներից 16 հոգու բերման են ենթարկել, հայտնել են ոստիկանությունից։
Կառավարության նիստի ընթացքում կառավարության շենքի մոտ են հավաքվել մի քանի ընդդիմադիր պատգամավորներ և Գորիս–Կապան մայրուղում ադրբեջանական մաքսակետի դեմ բողոքող մարդիկ հավաքվել են։ Նրանք իշխանություններին մեղադրում են ազգային շահերին դավաճանելու համար: Ցույցին մասնակցում են «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը և Թադևոս Ավետիսյանը:
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ավելի վաղ հայտնել էր, որ կեսգիշերին ադրբեջանական կողմը մաքսակետեր կտեղադրի Գորիս-Կապան ճանապարհահատվածում: Միաժամանակ նա նշել էր, որ հայկական կողմը «պատասխան քայլեր կձեռնարկի և նույնպես մաքսային կետեր կտեղակայի»:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե ադրբեջանական կողմը նոյեմբերի 11-ից մաքսակետեր է տեղադրելու Գորիս-Կապան ճանապարհին, կոչ էր արել դիմադրել։ Նա հորդորել էր բոլորին առավոտյան ժամը 11-ին հավաքվել Հանրապետության հրապարակում։






