Երևան քաղաքի Քանաքեռի 16-րդ փողոցի տներից մեկի բակում տեղի ունեցած միջադեպի ժամանակ սպանությունների և սպանությունների փորձի գործով ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։ 4 անձ ձերբակալվել է: Այդ մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։
Նոյեմբերի 11-ին 4 անձ, հրազենային տարբեր մարմնական վնասվածքներով, բուժօգնության է ընդունվել Երևան քաղաքի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց և «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ: Նրանցից երկուսը, գիտակցության չգալով, մահացել են:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերը նշված բոլոր անձինք հրազենային վնասվածքները ստացել են Երևան քաղաքի Քանաքեռի 16-րդ փողոցի տներից մեկի բակում տեղի ունեցած միջադեպի ժամանակ:
Կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է ևս երկու տղամարդու դի, ինչպես նաև՝ 28 հատ տարբեր տրամաչափի պարկուճ, 12 գնդակ, 4 ատրճանակ և 2 ինքնաձիգ:
Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ, ըստ Shamshyan.com-ի, տեղում մահացել են Զ. Սարկավագի փողոցի բնակիչ, 43-ամյա Արթուր Ղազարյանը, ով քրեական աշխարհում հայտնի «Քանաքեռցի Տույն» էր և Քանաքեռի բնակիչ, 37-այմա Արայիկ Խաչատրյանը: Ըստ այլ լուրերի, սպանության զոհ է դրձել նաև ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանը
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:






