AM
12 Նոյեմբեր 2021 - 11:01 AMT

10-րդ «Արևորդիում» մոտ 30 բնապահպանական ֆիլմ կցուցադրվի

Նոյեմբերի 14-18-ը հոբելյանական 10-րդ անգամ կկայանա «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնը։ Փառատոնի շրջանակում բնապահպանական մոտ 30 ֆիլմ կցուցադրվի` հայերեն ենթագրերով։ Covid-19-ի համաճարակային պայմաններից ելնելով՝ փառատոնը կանցկացվի հեռավար։

Փառատոնի պաշտոնական մեկնարկի թեման լինելու է էկոհամակարգի վերականգնումը։ Ընտրված բոլոր ֆիլմերը հասանելի կլինեն առցանց, իսկ դրանցից յուրաքանչյուրն ըստ ցուցադրության օրերի բաշխվածության՝ 24 ժամ հասանելի կլինի միջոցառման կայքում։

Նոյեմբերի 16-17-ին փառատոնի շրջանակում տեղի կունենա նաև «Անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների հիմնախնդիրը Հայաստանում» թեմայով երկօրյա դասընթաց-աշխատարան լրագրողների և ԶԼՄ ներկայացուցիչների համար, որից հետո կհայտարարվի լրագրողական աշխատանքների մրցույթ, իսկ հաղթողին կշնորհվի դրամական պարգև։ Դասընթացի շնորհիվ լրագրողներն ու մեդիա դաշտի ներկայացուցիչները հնարավորություն կստանան առավել լավ ծանոթանալու խնդրին, ինչի արդյունքում նաև կիրազեկվի հասարակությունը։

«Արևորդի» 10-րդ միջազգային բնապահպանական փառատոնն ունի 4 անվանակարգ

• Լավագույն ֆիլմ անտառային հրդեհների մասին

• Լավագույն ֆիլմ վայրի բնության պահպանության մասին

• Լավագույն ֆիլմ բնապահպանական խնդիրների մասին

• Լավագույն կրթական ֆիլմ

«Արևորդի» 10-րդ միջազգային բնապահպանական փառատոնի իրականացման ամբողջ ընթացքում առաջին անգամ ներկայացվել է «Անտառային հրդեհներ» անվանակարգը՝ նպատակ ունենալով բարձրաձայնել անտառային հրդեհների ահագնացող վտանգը տարածաշրջանում և աշխարհում, բարձրացնել հանրության իրազեկվածությունը։

«Արևորդի» 10-րդ միջազգային բնապահպանական փառատոնի իրականացման հարցում իրենց աջակցությունն են ցուցաբերել ԱՄՆ Անտառային ծառայությունը և Վիվա-ՄՏՍ-ը։

Արդեն 10 տարի է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից իրականացվում էկո-կրթոական մեծ բաղադրիչ ունեցող «Արևորդի» փառատոնը, որն այս տարիների ընթացքում ցուցադրվող ֆիլմերի միջոցով բնապահպանական գիտելիքներ է փոխանցել հազարավոր մարդկանց, հատկապես՝ պատանիներին։ «Արևորդի» 10-րդ միջազգային բնապահպանական փառատոնի տնօրենը Սոնա Քալանթարյանն է, հիմնադիրը՝ Ռուբեն Խաչատրյանը։ Յոււրաքանչյուր տարի փառատոնի կայացման գործում մեծ ներդրում են ունենում FPWC հավատարիմ գաղափարակից գործընկերներ Վիվա-ՄՏՍ-ը, Մխիթար Սեբաստացի կրթական հիմնադրամը և այլն։