AM
12 Նոյեմբեր 2021 - 11:30 AMT

«Էլկա» մանկական կենտրոնի աշխատանքը կասեցվել է. Սանհանգույցի դուռը բացվել է դեպի սննդամթերքի մշակման սենյակ

Երևանի «Էլկա» մանկական զարգացման կենտրոնի գործունեությունը, որի 10 սան սննդային թունավորման կասկածանքով հիվանդանոց էր տեղափոխվել, կասեցվել է։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները,10 երեխայի սննդային թունավորման կասկածանքով հիվանդանոց տեղափոխման մասին ահազանգը ստանալուն պես, վերահսկողական միջոցառումներ էին սկսել կենտրոնում:

Արդյունքում անհատ ձեռնարկատեր Գայանե Տեր-Պետրոսյանին պատկանող կենտրոնում հայտնաբերվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ:

Մասնավորապես՝ չեն ապահովվել հիգիենիկ պատշաճ գործելակերպի կանոնները՝ ներառյալ խաչաձև աղտոտումից պաշտպանումը, նախատեսված չեն եղել համապատասխան տարածքներ՝ անհրաժեշտ հարմարություններով՝ աշխատանքային գործիքների և պարագաների լվացման, ախտահանման և պահման համար, սանհանգույցի դուռը բացվել է անմիջապես սննդամթերքի մշակման սենյակի մեջ, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ՝ կենդանիների, միջատների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու համար:

Այս կենտրոնի՝ սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննությունների, չունեն սանիտարական գրքույկներ:

Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

Կենտրոնում առկա սննդամթերքից, սննդամթերքի հետ շփվող մակերեսներից և գույքից վերցվել են նմուշներ՝ ներկայացնելով դրանք լաբորատոր փորձաքննության, որի արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ: