AM
12 Նոյեմբեր 2021 - 12:13 AMT

Բարձրագույն և հետբուհական ուսհաստատություններին առաջարկվել է առկա ուսուցման անցնել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններին:

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է նոյեմբերի 15-ից բարձրագույն և հետբուհական մասնագիտական ուսհաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպումն իրականացնել առկա ուսուցմամբ (ըստ անհրաժեշտության՝ համապատասխան դասընթացների համար ուսումնական պլանով նախատեսված դասախոսության ժամերը կարող են կազմակերպվել հեռավար/առցանց ձևով):

Միաժամանակ ուսումնական գործընթացը և իրականացվող աշխատանքները կազմակերպելիս անհրաժեշտ է խստագույնս պահպանել կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոնները և անհրաժեշտ անվտանգության երաշխիքները։

Հայաստանում նոյեմբերի 12-ի`դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 326,830-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1309-ով: Մահվան 78 դեպք է գրանցվել, 70-ը՝ կորոնավիրուսից, 8-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 6937 դեպք կա, այլ պատճառով՝ 1368։