Նոյեմբերի 15-ին Երևանում կբացվի առաջին սքեյթ-պարկը։ Օղակաձև զբոսայգում կառուցվել է նոր ու ժամանակակից հանրային սքեյթ-պարկ։ Այն մայրաքաղաքին ու նրա բնակիչներին է նվիրել Ուկրաինայի հայերի միությունը:
Երիտասարդներն այլևս ստիպված չեն լինի Հայաստանում հարմար վայր փնտրել՝ սքեյթ վարելու համար:
Բացմանը ներկա են լինելու Ուկրաինայի հայերի միության նախագահը, Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորներ, քաղաքական և հասարակական գործիչներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ուկրաինայից։
Բացման արարողությանը կհաջորդի մեծ համերգ՝ Հարութ Փամբուխչյանի, Գարիկի, Սոնայի, «Ռեինկարնացիա» բենդի մասնակցությամբ։ Համերգի հատուկ հյուրերն են Kazka և Hardkiss ուկրաինական խմբերը։
Միջոցառումը կվարի Գարիկ Պապոյանը։ Մուտքն ազատ է։
Ուկրաինական պատվիրակության այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ իշխանության ներկայացուցիչների հետ, Ուկրաինայի Հայերի միության կոնֆերանս, կլոր սեղաններ և քննարկումներ ուկրաինացի քաղաքական գործիչների և փորձագետների ու նրանց հայ գործընկերների մասնակցությամբ, ինչպես նաև մշակութային մի շարք միջոցառումներ, որոնց մեջ առանձնանում է սքեյթ-փարկի բացումը (Հայաստանի մայրաքաղաքին Ուկրաինայի Հայերի միության նվերը) և Ուկրաինայի հայերի միության սոցիալական նախագծի՝ էլեկտրամեքենաների լիցքակայանների ցանցի շնորհանդեսը։






