AM
12 Նոյեմբեր 2021 - 15:11 AMT

Իրանցի վարորդները բողոքում են՝ նոր ճանապարհը նեղ է բեռնատարների համար

Իրանցի վարորդները բողոքում են՝ նոր Տաթև-Աղվանի նոր ճանապարհը նեղ է բեռնատարների համար, տեղեկացնում է «Ազատությունը»։

Վարորդները նշել են, որ այդ ճանապարհով գալիս են, քանի որ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածով անցնելիս բավականին խնդիրներ են առաջանում: Նրանց փոխանցմամբ՝ մոտավորապես 130 դոլարի չափ հարկ են վճարում:

Թեև պաշտոնյաները՝ վարչապետի մակարդակով, հավաստիացնում են, որ բեռնատարների համար կիրառելի է Տաթև-Աղվանի ճանապարհը, սակայն «Ազատության» նկարահանող խումբն արձանագրել է, որ ամեն դեպքում ճանապարհի տարբեր հատվածներում բեռնատարների վարորդների համար խնդիրներ են առաջանցում:

Նշվում է, որ ճանապարհի մի հատվածում տեսախցիկը նկարել է մի բեռնատար, որը կողաշրջումից էր փրկվել:

«Մենք հիմա նոր ճանապարհով ենք գալիս, որը դեռ վերջնական չէ և շատ նեղ է, ադրբեջանական ճանապարհով չենք ուզում գնալ-գալ, որպեսզի գումար չտանք, այս ճանապարհին էլ ոչ մի օգնություն չկա, որպեսզի խնդիր լինելու դեպքում օգնեն՝ մեծ մեքենաներին տեղաշարժեն», – ասել է իրանցի վարորդներից մեկը:

«Ազատության» նկարահանող խումբը նոյեմբերի 11-ից գտնվում է Սյունիքի մարզում: Գորիս-Կապան ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածը փակ է, ադրբեջանական կողմն անցակետեր է տեղադրում այդ հատվածում:

Հայաստանի սահմանապահ զորքերի ծառայողները քաղաքացիներին չեն թույլատրում անցնել Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածով: Ծառայողները, սակայն, չեն պարզաբանում, թե ինչո՞ւ է արգելվում այդ ճանապարհով անցնել, քանի որ նույն հատվածով կարողանում են անցնել իրանական բեռնատարները: