AM
16 Նոյեմբեր 2021 - 07:21 AMT

Ընդդիմությունը բոյկոտել է ԱԺ նիստը․ «Սնդիկ փարթիներին մասնակցելու ցանկություն չկա»

Խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել է Ազգային ժողովի հերթական նիստը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները լքել են նիստերի դահլիճը։

Ընդդիմադիրներն այդպիսով իրենց բողոքն են հայտնել իշխանության կողմից ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու՝ ընդդիմության նախաձեռնությունը մերժելու դեմ։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ սահմանային լարվածությունից հետո ընդդիմությունը փորձել է, օգտվելով իր սահմանադրական իրավունքներից, ԱԺ արտահերթ քննարկման հարց դարձնել հայ ժողովրդի կենսական շահերի ոտնահարման փաստերը:

«Սակայն քաղաքական մեծամասնությունը, չարաշահելով իր լիազորությունները, ապօրինաբար խոչընդոտեց այդ նախաձեռնությանը», – ասել է Օհանյանը:

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը, նշելով, որ ԱԺ օրակարգում «Սնդիկի մասին օրենքի» «կարևորագույն» կետն է ներառված, հայտարարել է, որ խմբակցությունը կվերադառանա Աժ դահլիճ, երբ երկրի առաջ ծառացած խնդիրները կքննարկվեն ըստ կարևորության։

«Ձեր սնդիկ փարթիներին մասնակցելու ցանկություն չկա», – ասել է նա:

Նոյեմբերի 15-ին իշխանությունը մերժեց ընդդիմության պահանջով Ազգային ժողովի հրատապ նիստ գումարելու առաջարկը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն հայտարարեց, թե այդ հարցը ԱԺ խորհրդի նիստում նույնիսկ քննարկել չեն կարող, քանի որ ընդդիմության դիմումը չի համապատասխանում ԱԺ Կանոնակարգ օրենքի պահանջներին։