AM
16 Նոյեմբեր 2021 - 13:06 AMT

Վիգեն Խաչատրյան․ ՀԱՊԿ-ի կրավորական պահվածքն անցնում է բարեկրթության սահմանները՝ անընդունելի է

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վիգեն Խաչատրյանը, անդրադառնալով Ադրբեջանի հարձակմանը, խորհրդարանի ամբիոնից հայտարարել է, որ այս պարագայում ՀԱՊԿ-ի կրավորական պահվածքն անցնում է բարեկրթության բոլոր սահմանները և սա անընդունելի է։

«Կարծում եմ, որ եթե մեր դաշնակիցներն ի զորու չեն կատարել իրենց ստանձնած պարտավորությունները, մենք կարող ենք ունենալ այլ դաշնակիցներ, որևէ մեկը չի կաշկանդի մեզ: Մենք պարտավոր ենք որպես օրենսդիրներ դիմել մեր գործընկերներին, որպեսզի կատարեն իրենց պարտականությունները»,-ասել է նա՝ հավելելով, որ այլապես պետք է մտածենք մեր դաշնակիցների մասին:

Պատգամավորի խոսքով` Հայաստանի իշխանությունը չի ուզում սահմանային նոր էսկալացիա, նոր զոհեր, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է դրան:

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել են ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ինտենսիվ փոխհրաձգության արդյունքում հակառակորդն ունի զրահատեխնիկայի կորուստ։

Հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հստակ հայտնի է 4 վիրավորի մասին։ Հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։

Ժամը 15։00-ի դրությամբ ընթանում են տեղային մարտեր՝ հրետանային միջոցների, զրահատեխնիկայի և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ։