ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանը, ներկայացնելով սահմանագոտում Ադրբեջանի սադրիչ և ագրեսիվ գործողությունների մանրամասները, նշել է, որ այդ երկրի վարքագիծը հետևանք է միջազգային հանրության ոչ հասցեական արձագանքի։
«Ադրբեջանի այս վարքագիծը հետևանք է նրա, որ մեր միջազգային գործընկերները և միջազգային հանրությունն առհասարակ, պատշաճ և հասցեական չեն արձագանքել Ադրբեջանի կողմից ուժի կիրառմանը դեռ անցած տարի Լեռնային Ղարաբաղի դեմ սեպտեմբերի 27-ին սկսված ագրեսիայի ժամանակ, և այնուհետ նաև այս ամիսների ընթացքում:
Կողմերի միջև հավասարության նշան դնող շարունակական հայտարարություններն Ադրբեջանի կողմից ուղղակիորեն ընկալվել են իբրև խրախուսանք՝ շարունակելու այդ վարքագիծը: Մենք ակնկալում ենք, որ մեր գործընկեր ու բարեկամ երկրներն անհապաղ և հասցեական կարձագանքեն այս գործողություններին և կկիրառեն իրենց անմիջական ազդեցությունն Ադրբեջանի վրա՝ հորդորելու դադարեցնել սադրիչ գործողությունները և ոտնձգությունները ՀՀ նկատմամբ»,-ասել է նա:
«Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Եվ պետք է նկատենք, որ մենք չենք կարող սա անվանել այլ կերպ, քան ագրեսիա ՀՀ նկատմամբ»,-ասել է նա:
Միրզոյանը տեղեկացրել է նաև, որ նոյեմբերի 16-ի երեկոյան ժամը 18:30-ի դրությամբ ռուսական կողմի միջնորդությամբ մարտական գործողությունները դադարեցվել են, սակայն այդ հատվածում ներթափանցման արդյունքում ադրբեջանական զինուժի ներկայությունը ՀՀ-ում շարունակում է մնալ:
«Ուզում եմ տեղեկացնել, որ այս պահին հայկական կողմն ունի հաստատված 1 զոհ, 13 գերեվարված հայ զինծառայող, և ևս 24 հայ զինծառայողի ճակատագիրն այս պահին անհայտ է։ Ռուսական կողմի մասնակցությամբ ընթանում են որոնողական աշխատանքներ։
Ակնհայտ է, որ այս գործողություններին նախորդել են ամիսներ շարունակ Ադրբեջանի իշխանությունների կողմից շատ հստակ հայատյաց, քսենոֆոբիկ, ագրեսիվ հայտարարությունները, ինչպես նաև, այսպես կոչված, «միջանցքային տրամաբանությունը»․ միջանցք ունենալու հայտարարությունները, այդ թվում՝ ուժի կիրառմամբ միջանցք վերցնելու վերաբերյալ ուղղակի հայտարարությունները։
․․․Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել նաև, որ ՄԱԿ-ի կանոնադրության և բոլոր երկկողմ ու բազմակողմ պայմանագրերի շրջանակում ՀՀ-ն իրեն իրավունք է վերապահում պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Եվ այս պահից սկսած, իրավիճակի հետագա լարման ամբողջ պատասխանատվությունն ուղղակիորեն ընկնում է Ադրբեջանի Հանրապետության վրա:
Մեր համոզմամբ՝ Ադրբեջանը, լարվածությունը տեղափոխելով Հայաստան-Ադրբեջան սահմանագիծ, ՀՀ տարածք, փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից: Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ ՀՀ-ն պաշտպանելու է ինչպես իր տարածքային ամբողջականությունը, այնպես էլ՝ Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը»,-ասել է Միրզոյանը։
Հանդիպման վերջում Արարատ Միրզոյանը պատասխանել է ներկաների հարցերին։
Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել էին ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։
Նոյեմբերի 17-ի` ժամը 10։00-ի դրությամբ հարաբերական կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։ Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։