AM
19 Նոյեմբեր 2021 - 09:54 AMT

Աղաջանյան․ Ամեն ինչ անելու ենք գերիների վերադարձի համար, բայց պետք է քննել՝ ինչպես են այնտեղ հայտնվել

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հայտարարել է, որ Հայաստանն ամեն ինչ արել ու անելու է, որ գերիներն օր առաջ վերադառնան հայրենիք։

«Բայց, միաժամանակ, պետք է գիտակցենք, որ սա իրավական պետություն է, ու որոշակի իրավական գործընթացներ պետք է տեղի ունենան հարկ եղած ժամանակ, որ հանրությունը, պետությունը, պատկան մարմինները պատկերացում կազմեն, թե ինչ պայմաններում ու ինչ գործընթացի արդյունքում են մեր հայրենակիցները հայտնվել այդ կարգավիճակում», – լրագրողների հետ հանդիպմանն ասել է նա, տեղեկացնում է Aysor.am-ը։

Պատգամավորը նշել է, թե սա իրավական պետության տրամաբանությունից է բխում։

«Սա նորմալ գործընթաց է, որևէ անձի կամայական ցանկության հարց չէ, սա իրավական հարց է ու պետք է լուծվի իրավական ընթացակարգերով», – ասել է Աղաջանյանը։

Ավելի վաղ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ժամանակն է, որ գերեվարման յուրաքանչյուր դեպքը պատշաճ ձևով հետաքննեն: «ՀՀ զինված ուժերում ծառայության անցնող յուրաքանչյուր անձ ունի պարտականություններ ու պետք է հստակ բոլոր դեպքերով քննվի. ինչ է նշանակում գերի ընկնել, ինչ հանգամանքներում, զինվորական կանոնագրերը հստակ սահմանում են, թե որ դեպքում է, որ գերի ընկնելը չի համարվում հանցագործություն», – ասել էր նա: