AM
23 Նոյեմբեր 2021 - 06:13 AMT

ԳՇ պետը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել ԶՈւ մարտունակության բարձրացմանը

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի հետ՝ հանձնարարելով հատուկ ուշադրություն դարձնել ԶՈւ մարտունակության բարձրացմանը։

ԶՈւ գլխավոր շտաբի պետը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, անդրադարձել է ձմեռային պայմաններում ծառայության կազմակերպման ընթացիկ խնդիրներին և ձմեռային զորակոչին վերաբերող հարցերին։

Դավթյանն անդրադարձել է նաև պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներին՝ բարձր գնահատելով դրանց ընթացքն ու արդյունքները։

Խորհրդակցության ավարտին ԶՈւ գլխավոր շտաբի պետն ըստ առաջնահերթությունների խնդիրներ է առաջադրել համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին։

Նոյեմբերի 22-ին, ժամը 18։10-ի սահմաններում,Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Յուրիկի Սաֆարյանը (ծնվ. 2002թ.)։

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել են ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։

Հայկական կողմն ունի զոհեր և 13 գերեվարված զինծառայող, ևս 24-ի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։