2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերը չեն քննարկել տեղահանվածների և փախստականների` իրենց բնակության նախկին վայրեր վերադարձի հարցը։ Այդ մասին տեղեկացրել է Արտաքին գործերի նախարարությունը, հայտնում է «Հետքը»։
2020-ի նոյեմբերի 9-ի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների ստորագրած հայտարարության 7-րդ կետում նշվում է, որ «ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ»։ «Հետքն» ԱԳՆ-ին խնդրել էր պարզաբանելո՝ այս կետը վերաբերում է ադրբեջանցիների՞ն, թե՞, օրինակ, Հադրութի կամ Շուշիի տեղահանված հայ բնակիչներին, որոնք ևս կարող են վերադառնալ իրենց հայրենի բնակավայրեր։
ԱԳՆ-ն նշել է, որ եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերի միջև այս հարցի շուրջ քննարկումներ չեն եղել, սակայն հայկական կողմը միջազգային գործընկերների հետ շփումներում բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տեղահանված անձանց և փախստականների վերադարձի վերաբերյալ։
Ըստ ԱԳՆ-ի՝ հայկական կողմը նշել է, որ 2020-ի սեպտեմբերին Արցախի դեմ ձեռնարկված ագրեսիայի արդյունքում տեղահանվել է ավելի քան 91,000 մարդ, որոնց 88%-ը կանայք և երեխաներ են։ Նրանց մի մասը հետպատերազմական շրջանում վերադարձել և բնակություն է հաստատել Արցախի՝ ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում գտնվող բնակավայրերում։
«Առաջնահերթ է Արցախի 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերից տեղահանված արցախահայերի՝ իրենց բնակության նախկին վայրեր արժանապատիվ վերադարձի համար պայմանների ստեղծումը»,- նշվում է ԱԳՆ-ի գրության մեջ։
Հարցին, թե «Լեռնային Ղարաբաղի տարածք» ասելով աշխարհագրական ո՞ր տեղանքը ի նկատի ունեին հայտարարությունը ստորագրած կողմերը, ԱԳՆ-ից նշել են` խոսքը նախկին ԼՂԻՄ տարածքի մասին է։
ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ չի քննարկվել նաև Հայաստանից և Ադրբեջանից 1980-ական թվականների վերջին և 90-ական թվականների սկզբին տեղահանված հայերի և ադրբեջանցիների վերադարձի հարցը։
«Հայկական կողմի դիրքորոշմամբ՝ նման քննարկում հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ և վերջնական կարգավորման համատեքստում»,- նշված է պատասխանում։
Ինչ վերաբերում է այս խնդրով ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ ՀՀ ԱԳՆ քննարկումներին, ապա սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ընթացքում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ։ «ԱԳ նախարարը գերագույն հանձնակատարին է ներկայացրել Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և ծառացած հումանիտար խնդիրները։ Անդրադարձ է կատարվել տեղահանված արցախահայության՝ հայրենիք վերադարձի համար պայմանների ստեղծման անհրաժեշտությանը»,- եզրափակում է ԱԳՆ-ն։
Ավելի վաղ, «Հետքը» համանման հարցմամբ դիմել էր նաև ՀՀ Կառավարություն, որտեղից ի պատասխան նշել էին, որ Ադրբեջանը եռակողմ հայտարարության տվյալ կետի իրականացման համար խոչընդոտներ է ստեղծում՝ մասնավորապես արգելափակելով ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցների, այդ թվում՝ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների մուտքը հակամարտության գոտի։