AM
24 Նոյեմբեր 2021 - 12:10 AMT

Փաստաբան․ Խաչատուր Սուքիասյանի դեմ հայցով ուզում ենք Բադեն-Բադենի ասեկոսներին վերջ տալ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը հայտարարել է, որ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող Բադեն-Բադենի գործով ներկա պահին որևէ կարգավիճակ չունի, հարցաքննության չի կանչվել։

Մակինյանը հայտնել է, որ Սարգսյանի այցերի վերաբերյալ ԱԺ ամբիոնից հայտարարած ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի դեմ իրենց ներկայացրած քաղաքացիական հայցով նաև նպատակ են հետապնդում այդ ասեկոսներին վերջ դնել, հայտնում է Sputnik Արմենիան։

Փաստաբանն արձանագրել է, որ Սերժ Սարգսյանը երբեք չի ժխտել իր՝ Բադեն-Բադեն այցելելու փաստը։ Նա հայտարարել է, որ երրորդ նախագահն առողջարանային այդ քաղաքում է անցկացրել իր արձակուրդը։

«Ի՞նչ է նշանակում Բադեն-Բադեն։ Սա ծամոն է դարձել։ Բադեն-Բադեն քաղաքում միայն կազինոնե՞ր են, խոսքը չի վերաբերում Լաս Վեգասին, Մոնտե Կարլոյին, որ դա ընկալվի որպես կազինոների քաղաք։ Բադեն-Բադենը մշակութային, առողջարանային քաղաք է։ Այդ Բադեն-Բադեն ծամոնը պետք է ավարտվի»,-ասել է Մակինյանը։

Դատական առաջին նիստը կայացել է նոյեմբերի 24-ին. հաջորդ նիստը նշանակվել է 2022-ի հունվարի 17-ին։

Հատուկ քննչական ծառայությունը հոկտեմբերի 2-ին հայտարարել էր, որ քրգործ է հարուցվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա, որտեղ վերջինը ներկայացրել է, որ Սերժ Սարգսյանին սպասարկող ինքնաթիռը 2008-2017 թթ․ շահագործվել և առանց ծառայողական անհրաժեշտության պետական միջոցների հաշվին կատարել է մի շարք չվերթներ` դեպի Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաք։ Չվերթերի մի մասը կազմակերպվել է սահմանված կարգի խախտմամբ՝ առանց ՀՀ նախագահի աշխատակազմից նախապես ստացված գրավոր հայտերի:

Դրանից առաջ` օգոստոսի 25-ի Ազգային ժողովի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանը 100 մլն դոլար է տանուլ տվել Բադեն-Բադեն քաղաքում գտնվող խաղատանը։ «Բոլորդ լավ գիտեք՝ երրորդ նախագահը 100 մլն դոլարից ավելի կազինոներում կրվել ա նույն Բադեն-Բադենում» – ասել էր նա։ Այս հայտարարության հերքման ու 1 մլն դրամ փոխհատուցման պահանջով Սերժ Սարգսյանի ներկայացուցիչը քաղաքացիական հայց էր ներկայացրել Խաչատուր Սուքիասյանի դեմ։