AM
25 Նոյեմբեր 2021 - 07:38 AMT

Pegasus-ով նաև Դավիթ Սանասարյանին են գաղտնալսել

Pegasus ծրագրով գաղտնալսել են նաև «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանի հեռախոսը։ Նա ևս ծանուցում է ստացել Apple-ից, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Սանասարյանը։

«Apple-ի threat-notifications մեյլով ստացա հաղորդագրություն այն մասին, որ հարձակում են իրականացնում հեռախոսիս վրա։

Հիմա հարց. պարո՛ն Փաշինյան, ուրիշ գործ չունի՞ անելու ԱԱԾ-ն։

Միգուցե մտածեք, թե այս խայտառակ վիճակից ո՞նց ենք դուրս գալիս, անվտանգային միջավայրն ինչպե՞ս ենք կարգի բերում, 5-րդ շարասյան կողմից եկող հնարավոր վտանգներն ինչպե՞ս եք կանխարգելում։

Եթե հեռախոսիս մեջ կոնկրետ հետաքրքրող ինֆորմացիա կա, ուղիղ ասեք, խոստանում եմ տրամադրել, թե չէ՝ բան ու գործ թողած թիթեռ նկարելն ԱԱԾ-ի գործը չէ։

Հ.Գ. Զավեշտալի է, որ ԱԱԾ նախկին սպաների միությունը դատապարտում է մարդու իրավունքները ոտնահարող գաղտնալսման փորձերը, ինչպես կասեր ձեր իմաստուն կոլեգան՝ իյա, իրո՞ք»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել էր, որ փաստացի տվյալներ ունի այն մասին, որ Pegasus ծրագրով հարձակում է կատարվել ոչ միայն իր, այլև իր մերձավոր շրջապատի և ընտանիքի անդամների հեռախոսների վրա։ Նա հրապարակել է Apple ընկերությունից ստացած նամակը։

Pegasus-ը լրտեսող ծրագիր է, որը կարող է աննկատ տեղադրվել Apple iOS և Android օպերացիոն համակարգերի որոշ տարբերակներով աշխատող բջջային հեռախոսների և այլ սարքերի վրա: Ծրագիրը մշակել է իսրայելական NSO Group ընկերությունը: