ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, անդրադառնալով իր հեռախոսի գաղտանսլման փաստին, նշել է, որ առանց պետության թույլտվության Pegasus-ով գաղտնալսումն անհնար է։
Նա նշել է, որ գաղտնալսման մասին իրեն հայտնի էր դարձել դեռևս սեպտեմբեր-հոկտեմբերին, բայց քանի դեռ չկար հաստատում Apple ընկերությունից, չի ցանկացել բարձրաձայնել, գրում է Aysor.am-ը։
«Գաղտնալսում իրականացնելը պետության մենաշնորհն է, և եթե դրա համար կան համապատասխան հիմքեր, ապա դատարանի որոշման հիման վրա պետությունն իրավունք ունի գաղտնալսել, հետևել և իրականացնել միջոցառումներ։ Տարբերությունը շատ էական է։ Pegasus ծրագիրը չի հանդիսանում ՀՀ հատուկ ծառայությունների ամբողջական հսկողության ներքո գտնվող ծրագիր։ Այդ ծրագիրը NSO Group ընկերությունը որոշակի գումարի դիմաց (7-10 մլն դոլարի շրջանակում), բաժանորդագրության համար է տրամադրում։ Այսինքն, բաժանորդագրվում են այդ ծրագրին և ասում, թե մեր երկրից այսինչ ու այնինչ մարդուն վերցնել հսկողության։
Հնարավորություն են տալիս այդ ընկերությանը առանց խոչընդոտի մուտքը ՀՀ բջջային օպերատորների համակարգ մուտք գործել և վարակել ցանկացածի հեռախոս։ Այդ տվյալները ոչ թե ստացվում և պահպանվում են ՀՀ իրավապահ մարմիններում, այլ դրանք գնում են NSO group-ի կենտրոնական գրասենյակ, որից հետո տրամադրվում է պատվիրատուին», – ասել է Վանեցյանը։
Նա նշել է, որ ըստ NSO Group-ի հայտարարության, նրանք բացառապես համագործակցում են պետությունների հետ։ Նա նշել է նաև, որ եթե պետությունը չթույլատրի մուտք գործել բջջային օպերատորների համակարգ, հնարավոր չի, որ այդ ծրագիրը կիրառվի տվյալ երկրում։
«Իմ հեռախոսը վարակելու համար 100 հազարավոր դոլարներ են ծախսվել», – ասել է Վանեցյանը։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն ասել է նաև, որ ցանկացած անձի ընտանեկան և անձնական անձեռնմխելիությունը կարող է խախտվել բացառապես դատարանի որոշման հիման վրա, իսկ Pegasus ծրագիրն օգտագործելու համար, միանշանակ, դատարանի որոշում չի կարող լինել։
«Ստացվում է, որ ամբողջ գործընթացն ապօրինի է։ Իշխանություններն այդ ծրագիրն օգտագործում են բացառապես իրենց ոչ հաճո մարդկանց հետևելու և հետապնդելու համար», – ասել է Վանեցյանը։
Ավելի վաղ «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել էր, որ փաստացի տվյալներ ունի այն մասին, որ Pegasus ծրագրով հարձակում է կատարվել ոչ միայն իր, այլև իր մերձավոր շրջապատի և ընտանիքի անդամների հեռախոսների վրա։ Նա հրապարակել է Apple ընկերությունից ստացած նամակը։
Pegasus ծրագրով գաղտնալսել են նաև «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանի հեռախոսը։






