Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021-ի նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանությանը հանձնված Ջերմուկի տեղամասում հակառակորդը անակնկալ հարձակվել է ՀՀ ԶՈւ դիրքի անձնակազմի վրա, սակայն վերջինս հարձակումը ժամանակին հայտնաբերելուն, կամ դրան դիմակայելուն ուղղված համապատասխան միջոցներ չի ձեռնարկել, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ։
Գումարտակի հրամանատարի պաշտոնակատար, մայոր Գ. Գ.-ն չի ապահովել մարտական հերթապահությունում ընդգրկված ուժերի կողմից առաջադրված մարտական խնդիրների, մասնավորապես՝ հակառակորդի մոտեցող ուժերին զենքի կիրառմամբ դիմադրություն ցույց տալու արդյունավետ կատարումը, Գ.Գ.-ն ևս 7 զինծառայողի հետ դիմել է փախուստի, հենակետում գտնվող 11 զինծառայող գերեվարվել է, զինվորներից 2-ի սպանված դիերը նոյեմբերի 17-ին և 19-ին փոխանցվել են հայկական կողմին, իսկ մարտական դիրքն անցել է հակառակորդի վերահսկողության տակ:
Որոշվել է ՔՕ 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նոր քրգործ հարուցել, որը նախորդիվ նշված գործի հետ միացվել է մեկ վարույթում, տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Նոյեմբերի 22-ին ՔՕ 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են ՊՆ N զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի պայմանագրային զինծառայող և նույն զորամասի գումարտակի հրամանատարի պաշտոնակատար, մայոր Գ. Գ.-ն։
Նախաքննությամբ պարզվել է, որ Գ.Գ.-ն նշանակված է եղել գումարտակի պահպանության նշված շրջանում տեղակայված հրամանատարական դիտակետում՝ մարտական դիրքերից մեկում, որտեղ փաստացի մարտական հերթապահություն է իրականացրել 15 զինծառայող: Միաժամանակ, նա ստանձնել է գումարտակի պահպանությանը վստահված 10 մարտական դիրք ընդգրկող պահպանության շրջանի պատասխանատուի պարտականությունները:
Նշված արարքները կատարելու համար նոյեմբերի 24-ին Գ.Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 365-րդ հոդվածի 3-րդ մասով։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին, որը բավարարվել է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:






