AM
26 Նոյեմբեր 2021 - 11:30 AMT

Զինծառայողների բնակարանային պայմանների բարելավման գործընթացը կպարզեցվի

Զինծառայողների բնակարանային պայմանների բարելավման գործընթացը կպարզեցվի։ Կառավարությունը փոփոխություններ և լրացում է արել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ բնակարանային պայմանների բարելավում տրամադրելու առաջնահերթությունը հստակեցնելու անհրաժեշտությամբ պայմանավորված:

Հիմնավորման համաձայն՝ կարգի կիրառման ընթացքը ցույց է տվել, ինչպես նաև 2020 թ. տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքներով պայմանավորված ակնհայտ է դարձել, որ բնակարանային պայմանների բարելավում տրամադրելու գործող առաջնահերթությունն արդարացի չէ։ Նշվում է, որ փաստացի նախկին տարիներին որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված 1-ին կամ 2-րդ խմբի (իսկ 2017-ից առաջ՝ նաև 3-րդ խմբի) հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների բնակարանային ապահովությունն ուղղակի կախման մեջ է գտնվում անկախ ժամանակահատվածից զոհված զինծառայողների քանակից՝ որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված նրանց ընտանիքներին բնակարանային պայմանների բարելավում տրամադրելու առաջնահերթության հիման վրա:

Այսինքն, ստացվում է, որ, օրինակ, 2021-ին զոհված զինծառայողի՝ նույն թվականին կարիքավոր հաշվառված ընտանիքը փաստացի ապահովվում է անմիջապես, իսկ նախկինում հաշվառված զինհաշմանդամների ընտանիքներին բավարարման տրամադրումը դառնում է ոչ հասանելի:

Որոշմամբ նախատեսվում է պարզեցնել բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառելու գործընթացը և հանել հաշվառման ժամկետային սահմանափակումները, ինչպես նաև շահառուներին բնակարանային պայմանների բարելավում տրամադրելու առաջնահերթությունը սահմանել ըստ տարիների հաշվառման սկզբունքով: