Կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել մանկատների սաներին բնակարանի գնման վկայագրերի տրամադրման կարգում։ Ընդլայնվել է շահառուների շրջանակը, երկարաձգվել են ժամկետները, տեղեկացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Այսուհետ բնակարանի գնման վկայագրով ֆինանսական աջակցություն ստանալու համար կարող են դիմել նաև 18 տարին լրացած մանկատան սաները, ովքեր ՀՀ մանկատանը խնամք և դաստիարակություն ստացել են առնվազն 7 տարի (բացառությամբ կենսաբանական ծնողի ընտանիք վերադարձածների), ՀՀ մանկատների 2021 թվականի շրջանավարտները։
Նախկինում կարող էին դիմել մինչև 2020 ներառյալ մանկատների շրջանավարտները։
Վկայագրի արժեքը 6․3 մլն դրամ է։
Մինչ այժմ բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարանի գնման իրավունք է տրվել մանկատան 210 սանի, որից 195-ն արդեն գնել է բնակարան:






