AM
30 Նոյեմբեր 2021 - 07:23 AMT

Դեկտեմբերի 1-ին մառախուղը կցրվի

Հարավային տաք օդային հոսանքների ներթափանցման հետևանքով Արարատյան դաշտում և նախալեռնային գոտում արդեն երրորդ օրը գրանցվող խիտ մառախուղը դեկտեմբերի 1-ին կցրվի։ Դա պայմանավորված է սպասվող ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ, տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Սակայն հանրապետության ամբողջ տարածքում կսկսվեն տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում կտեղա ձյուն, առանձին հատվածներում քամու արագությունը կհասնի 20-25մ/վ-ի։

Նշվում է, որ մառախուղը ձևավորվել էր ներթափանցող տաք օդային հոսանքների և Արարատյան դաշտում լճացած սառը օդի շփման հետևանքով․ նոյեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը եղանակի պարզեցման հետևանքով Արարատյան դաշտում նկատվեց սառը օդի լճացում, իսկ նոյեմբերի 27-ի ցերեկը հարավից դեպի ՀՀ տարածք սկսեցին ներթափանցել տաք օդային հոսանքներ։

«Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ի հետ համեմատ` բացառությամբ Արարատյան դաշտի և դրա նախալեռնային գոտու, հանրապետության ամբողջ տարածքում բարձրացել է 6-8, իսկ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 14-16 աստիճանով։ Նոյեմբերիկ 29-ի ցերեկը Սյունիքի և Տավուշի ցածրադիր գոտիներում ջերմաստիճանը հասնում է+20-ի, իսկ լեռնային շրջաններում +10…+13 աստիճանի»,-ասվում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հաղորդագրության մեջ։