AM
6 Դեկտեմբեր 2021 - 08:01 AMT

Փաշինյան․ Ընտրությունների կեղծման պրակտիկան է շղթայական ռեակցիաներով հանգեցրել անվտանգային աղետների

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով դեկտեմբորի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ գիտի և հասկանում է տեսակետը, թե «ավելի լավ է ընտրությունները կեղծվեին, բայց անվտանգության ավելի բարձր մակարդակ ունենայինք»։

«Բայց իմ համոզմունքը եղել է, կա և կլինի, որ հենց ընտրությունների կեղծման երկարամյա պրակտիկան է քայքայել 90-ականների սկզբին ձևավորվող պետական դիմակայունության համակարգը և շղթայական ռեակցիաներով հանգեցրել անվտանգային աղետների:

Որքան էլ ակնհայտ է, որ մեր օրակարգի առաջնահերթությունները կապված են արտաքին մարտահրավերների հետ, այնուամենայնիվ, պիտի արձանագրեմ, որ ՏԻՄ ընտրությունների այս որակը, երբ քաղաքացին Տեր է և Որոշող, մեր վաղեմի երազանքն է՝ ի կատար ածված: Պետականություն և պետական ինստիտուտներ. սա պետք է լինի մեր Ապագայի երաշխիքը»,-ասվում է գրառման մեջ:

Դեկտեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» նախնական տվյալներով հաղթել է 36 համայնքից 25-ում։ Իշխող ուժը պարտվել է Աբովյանում, Վանաձորում, Մասիսում և մի քանի այլ համայնքում։

ՔՊ-ն հաղթել է Արտաշատ, Գառնի, Հրազդան, Ծաղկաձոր, Թալին , Աշտարակ, Մարտունի, Սևան, Վայք, Ջերմուկ, Արմավիր, Էջմիածին, Մեծամոր, Բաղրամյան, Արաքս, Խոյ, Աշոցք, Ախուրյան, Ամասիա, Սպիտակ, Թումանյան, Փամբակ, Նոյեմբերյան, Արթիկ համայնքներում։