ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ՏԻՄ ընտրությունների արդյունքներին, հայտարարել, է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» Աբովյանում վերահաշվարկ կպահանջի։
Նա նշել է, որ Աբովյան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների խիստ նախնական արդյունքներով՝ ավագանու 27 մանդատի բաշխման արդյունքում ստացվում է այնպիսի պատկեր, որ խիստ վճռորոշ են դառնում մեկ մանդատի ճշտությամբ հնարավոր կոալիցիոն վերադասավորումները։
«Վերլուծելով նաև տարբեր ընտրատեղամասերից մեր վստահված անձանց միջոցով ստացված ընթացիկ և ամփոփիչ ամբողջ տեղեկատվությունը, որոշում ենք կայացրել, որ «Քաղաքացիական պայմանագիրը» 29-րդ Ընտրատարածքի՝ մոտ 41 ընտրական տեղամասերից թվով 25 խոշոր ԸՏ-երում կբողոքարկի ամփոփված արդյունքները և վերահաշվարկի դիմումներ կներկայացնի»,-ասվում է գրառման մեջ։
Ըստ դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքների, Աբովյանի քաղաքապետ է ընտրվել «Բարգավաճ Հայաստանի» թեկնածու, հայտնի գործարար և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Էդուարդ Բաբայանը:
Ըստ ԿԸՀ տվյալների, ԲՀԿ-ի օգտին քվեարկել է 10,403 ընտրող, ՔՊ-ի՝ 8261 ընտրող, ՀՅԴ-ն ստացել է 1158 ձայն, իսկ «Հանրապետությունը»՝ 2696։






