AM
8 Դեկտեմբեր 2021 - 12:39 AMT

Գերիների և անհետ կորածների հարազատները փակել էին Բաղրամյանը․ Ոստիկանները բացել են պողոտան

Գերիների և անհետ կորածների հարազատները, որոնք վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ մուտքի մոտ, փակել էին Բաղրամյան պողոտան, որտեղ իրավիճակը լարվել է։ Գերիների և անհետ կորածների հարազատները փորձում էին փակ պահել փողոցը, սակայն ոստիկանները մարդկանց հրելով փողոցից հեռացրեցին, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև քաշքշուկ է սկսվել։ Ոստիկանները քաղաքացիներին հրելով հեռացրել են փողոցից։ Այժմ փողոցը բաց է։

Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա իրականացնող 6 անձ է բերման ենթարկվել ոստիկանություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու հիմքով՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելու համար։ Այս մասին ասել են ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հայտնում է «Փաստինֆոն»։

Հարազատները վաղ առավոտից ԱԺ-ի դիմաց էին և հանդիպում էին պահանջում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Ծնողները կապ էին հաստատել Ալեն Սիմոնյանի ընդունարանի հետ, որտեղից նրանց ասել են, որ ընդամենը 2 ծնող կարող է բարձրանալ ու հանդիպել։ Ծնողները հրաժարվել են և քիչ առաջ փորձել են քայլերթ իրականացնել դեպի Բաղրամյան փողոց, սակայն ոստիկանները նրանց թույլ չէին տալիս Դեմիրճյան փողոցից դուրս գալ։